Մկրտիչ Մինասյանը՝ Պերմյակովին ՀՀ-ին հանձնելու մասին. «Բա որ հանկարծ տան մեզ ու այդ տղայի սիրտը ճաքի՞». (տեսանյութ)
«ՀՀ-ի գլխավոր դատախազի «տղամարդավարի» տված խոստումը, թե ինքը անպայման պետք է համապատասխան նամակով դիմեր ՌԴ գլխավոր դատախազին՝ այդպես էլ չկա»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության նախագահ Անահիտ Բախշյանը՝ նկատելով, որ սա պատիվ չի բերում տղամարդուն, ով ասում է՝ «ես տղամարդավարի խոսք եմ տալիս»:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը, Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ՝ խոսելով Գյումրիում ողբերգական սպանդի ենթրակված ընտանիքի գործով գլխավոր կասկածյալ ռուսական 102-որդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարության ընթացքի մասին, ասել էր. «Ամենակարևոր հարցը, որ նախորդ հանդիպմանը այստեղ հնչեց, հետևյալն էր. արդյոք ես դիմելո՞ւ եմ ՌԴ գլխավոր դատախազին և իրավապահ մարմիններին, որպեսզի ՌԴ հարուցված քրեական գործը և անձը (անձինք) ամբողջությամբ տրամադրվեն մեր իրավազորության տակ։ Սա չէ՞ր պահանջը։ Ես հիմա որպես գլխավոր դատախազ և տղամարդ հայտարարում եմ, որ 100%-ով միանշանակ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազությանը և իրավապահ մարմիններին՝ այս պահանջով»:
ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, սակայն, նշեց, որ, գուցե, նամակն ուղարկվել է, բայց մենք չգիտենք. «Մենք չգիտենք՝ կա՞, թե՞ չկա, ես, օրինակ, համոզված չեմ՝ կա՞ այդ նամակը, թե՞ ոչ: Այսօր գնում են ԱԺ լսումները, լսումների ժամանակ պարզ կլինեն, գուցե նամակ գրել է, մենք տեղյակ չենք»:
Ա. Բախշյանը նկատեց, որ պաշտոնապես չի հրապարակվել ու մինչև չտեսնենք այդ նամակը՝ չենք հավատա:
Մ. Մինասյանը կարծում է, որ Դատախազությունն այս պահին ավելի քիչ անելիք ունի, քան մյուս կառույցները, որովեհտև Դատախազությունը քննության վրա վերահսկողություն իրականացնող մարմին է. «Փառք Աստծո, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին քննչական կոմիտեների միջև, և համատեղ պետք է փորձեն քննությունը վարել»:
Ա. Բախշյանն էլ հիշեցրեց, որ դրա արդյունքում հայտարարվեց, թե դատավարությունը կլինի ՀՀ-ի տարածքում. «Ընդամենը: Դա նույնն է, ինչ առաջին հայտարարությունը, բայց այդ տարածքը Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան է»:
Ա. Բախշյանի խոսքով՝ սա քաղաքական հարց է. «Կատարավել է հանցագործություն, որի անունը ես անձամբ դնում եմ ահաբեկչություն: Դա ինձ համար զուգահեռ Հոկտեմբերի 27 է տանում:
Ես համոզմունք ունեմ, որ սրա ակունքներում քաղաքական պատճառներ են, կամ քաղաքականությունը պետք է բացատրի և պարզաբանի, ուրիշ կերպ չի կարող լինել: Եվ եթե ՌԴ արտգործնախարարը հայտարարում է, թե ինչո՞ւ եք քաղաքականացնում այս հարցը, կներես, իսկ ինչո՞ւ ես դու պատասխանում: Եթե դու արտգործնախարար ես ու պատասխանում ես, ուրեմն՝ սա քաղաքական խնդիր է»:
Պատասխանելով Ա. Բախշյանի այս հարցադրումներին՝ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ Ա. Բախշյանը գույները խտացնում է.
«Ես կարծում եմ, իհարկե, եղել է ահավոր ողբերգություն, և ճիշտ էր Շիրակի թեմի առաջնորդը՝ Պերմյակովին ճիվաղ անվանելով:
Եթե պետք է ցավակցենք, մենք բոլորս մեկս մյուսին պետք է ցավակցենք: Մենք պետք է փորձենք այս ողբերգությունից նաև դասեր քաղենք: Կարծում եմ՝ մենք ձեզ հետ միասին պետք է մի քիչ ավելի սառը դատենք: Հիմա ես բաներ կասեմ, որ ձեզ կարող է դուր չգալ, կամ անընդունելի լինեն: Ես կարծում եմ, որ ճանապարհը մեկն է: Պետք է ամեն ինչ անել, որ բացահայտվի ամբողջությամբ: Ավելին, ես կարծում եմ, որ համատեղ ուժերով ավելի ճիշտ է: Ավելին՝ ասեմ, թե ինչու պետք է այդ ռազմական բազայում պահեն՝ բա որ հանկարծ տան մեզ ու այդ տղայի սիրտը ճաքի՞, մենք ի՞նչ ենք պատասխանելու: Ամբողջ պատմությունը մեր վրա է ընկնելո՞ւ: Թող իրենք պահեն իրենց մոտ, համատեղ ուժերով մանրամասն ուսումնասիրվի և արդարությունը բացահայտվի»:
Ա. Բախշյանն էլ այսպես արձագանքեց Մ. Մինասյանի այս խոսքերին. «Այսինքն՝ մտավախություն ունեք, որ հանկարծ կճաքի՞ սիրտը, ջհանդամին չի ճաքի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: