Գործարար միջավայրի բարելավում՝ Սամվել Ալեքսանյանի մենաշնորհը հաստատելու միջոցո՞վ

Եվ այսպես, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում կհաստատի (կամ արդեն հաստատել է)  մի որոշում` Հայաստանի Հանրապետության տարածք սպիտակ շաքարի ներմուծումը կանոնակարգելու մասին։ Սպիտակ շաքարը պատրաստի շաքարն է, որոշման նախագիծն էլ ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

Ինչի մասին է այդ որոշումը։ Եթե հակիրճ ու շատ պարզ ասենք` պատրաստի շաքարի ներմուծումն արգելելու մասին։ Դրանով սահմանվում է, որ սպիտակ շաքարի (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` մեկ տարվա ընթացքում 4 000 տոննայից ոչ ավելի ծավալով: Երրորդ երկրներ ասելով, բնականաբար, նկատի են առնվում ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրները։

Որոշման 2-րդ կետով սահմանվում է, որ սպիտակ շաքարի ներմուծման մեկանգամյա լիցենզիայի (թույլտվության) տրման մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը: Եվ վերջապես, երրորդ կետով հաստատվում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սպիտակ շաքարի` Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման կարգը` համաձայն հավելվածի:

Որոշումն ուժի մեջ է մտնում «ԵՏՄ մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից (այսինքն` արդեն ուժի մեջ է) և գործում է 2 տարի։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է այդ պայմանագրի Հավելված 3-ի 43-րդ կետն ապահովելու նպատակով։ Սա նշանակում է, որ երկու տարի շարունակ պատրաստի շաքար ներմուծել ցանկացող գործարարները (եթե այդպիսիք կգտնվեն), չեն կարողանա տարեկան 4000 տոննայից ավելի շաքար ներմուծել։ Ընդ որում, այդ 4000 տոննայի ներմուծման համար նրանք պետք է դիմեն ՀՀ կառավարությանը, ստանան մեկանգամյա թույլտվություն և անպայման վճարեն 10% մաքսատուրք։

Ավելին` ոչ բոլորը կարող են դա անել։ Այսպես ասած, պատմական գնորդները կկարողանան ներմուծել թույլատրելի ծավալի մինչև 90%-ը, իսկ այլ տնտեսական գործունեությամբ զբաղվողները` մինչև 10%-ը։

Այդ արգելքն անակնկալ չէ։ 4000 տոննայի սահմանափակումը, ինչպես արդեն նշեցինք, ամրագրված էր ԵՏՄ պայմանագրի 3-րդ հավելվածի 43-րդ կետում։ Սակայն դրա նախորդ` 42-րդ կետը պակաս կարևոր չէ։ Դրանով սահմանվում էր, որ եթե պատրաստի շաքարի ներմուծման դեպքում մաքսատուրք կա և սահմանափակումներ, ապա ռաֆինացման (վերամշակման ենթակա) շաքարը մաքսատուրքից ազատվում է մինչև 2025 թվականը։ Իհարկե, կար այսպիսի պայման` Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է, որ արտադրական վերամշակման համար ներմուծվող շաքարի հումքը, ինչպես նաև սույն կետի 1-ին պարբերությունում նշված դրույքաչափային արտոնությունների կիրառմամբ ներմուծվող շաքարի հումքից պատրաստված սպիտակ շաքարը չեն փոխադրվի Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածք:

Այն ժամանակ, արդեն գրել ենք, որ այս դրույթը կարծես հատուկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի համար նախատեսված լինի։ Որովհետև Ալեքսանյանին պատկանող ընկերությունը ներմուծում է ոչ թե պատրաստի շաքար, այլ շաքարի հումք։ 2013թ. Հայաստան է ներմուծվել 79.7 հազար տոննա շաքար։ Սակայն այդ 79.7 հազար տոննայից 74.7 հազարը 17011310 կոդով է` վերամշակման (ռաֆինացման) ենթակա շաքարը։ Այսինքն, Ս. Ալեքսանյանն այսուհետ ևս կշարունակի շաքարի հումք ներմուծել` առանց մաքսատուրքի, և տեխնոլոգիական ցիկլի վերջին փոքր փուլն անցնելուց հետո այն վաճառել` որպես պատրաստի սպիտակ շաքար։ Իսկ մյուս գործարարներն այլևս հաստատ շաքար չեն ներմուծի։ Որովհետև նախ` գործում է 4000 տոննայի առավելագույն սահմանաչափ։ Երկրորդ` նրանք պետք է վճարեն մաքսատուրք։ Եվ երրորդ` եթե անգամ չլիներ մաքսատուրքի առկայությունը, միևնույն է, մասշտաբի էֆեկտով Ս. Ալեքսանյանը մրցակցությունից դուրս է. ոչ մի գործարար նպատակահարմար չի համարի մտնել շաքարի ներմուծման ոլորտ։ Այս ամենի մեջ ԱԺ պատգամավորը տխրելու միայն մեկ պատճառ կարող է ունենալ` որ չի կարող իր շաքարն արտահանել ԵՏՄ երկրներ։ Սակայն հայաստանյան շուկան էլ բավարար է նորմալ փող աշխատելու համար։
Ինչպես նշեցինք` այս ամենը սպասելի էր և վաղուց հայտնի։ Պարզապես կառավարությունն իր որոշմամբ հաստատում է այն, ինչը պարտավորվել էր անել ԵՏՄ պայմանագրով։ Կամ, եթե առավել պարզ ու մարդկային լեզվով ձևակերպենք, պաշտոնապես ամրագրում է, որ Սամվել Ալեքսանյանը շաքարավազի շուկայում անվիճելի մոնոպոլիստ է, ում մոնոպոլիստական իրավունքները երաշխավորված են ոչ թե պարզապես Հայաստանի Հանրապետության կողմից, այլ ԵՏՄ պայմանագրով։

Իսկ ամենամեծ զավեշտն այս ամենի մեջ հետևյալն է։ Որպես կարգավորման նպատակ` նշվում է ոչ միայն «2014 թ. մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» Պայմանագրի Հավելված 3-ի 43-րդ կետի ապահովումը, այլև… գործարար միջավայրի բարելավումը: Այսինքն, որևէ գործարարին անձեռնմխելի մենաշնորհային իրավունքներով օժտելը բարելավում է գործարար միջավայրը։ Ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։

 

Տեսանյութեր

Լրահոս