«Ռուսաստանն առաջիկայում չի կարող լուրջ միջոցներ ներդնել եվրասիական պրոյեկտների զարգացման համար». Նեչաև
«Ռուսաստանն առաջիկայում չի կարող լուրջ միջոցներ ներդնել եվրասիական պրոյեկտների զարգացման համար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության ղեկավար, 1992-1993թթ. ՌԴ Էկոնոմիկայի նախարար Անդրեյ Նեչաևը` անդրադառնալով ՌԴ տնտեսական ճգնաժամի պայմաններում Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների ճակատագրին:
Նա ցավով է արձանագրում, որ շատ դեպքերում ՌԴ-ում քաղաքական որոշումները չեն հիմնվում տնտեսական իրողությունների և տնտեսական հետևանքների վրա: Որպես օրինակ՝ նախկին նախարարը հիշեցրեց ՌԴ քաղաքականությունը, որը հանգեցրեց արևմտյան պատժամիջոցներին:
«Ուստի քաղաքական և հեղինակության գաղափարներից ելնելով` կարծում եմ, որ ՌԴ իշխանությունները կշարունակեն զարգացնել այս պրոյեկտները, բայց այդ ինտեգրացիայի մյուս մասնակիցների ֆինանսավորման մասշտաբները կնվազեցվեն, քանի որ ներկայումս Ռուսաստանը կանգնած է ծանր ընտրության առջև: Կանխատեսումների համաձայն` հարկերը բարձրացնել չի կարելի, ֆոնդերը կբավարարեն ամենաշատը մի քանի տարի: Ուստի բյուջետային ծախսերը պետք է նվազեցնել: Իսկ դա պետական տարբեր մարմինների միջև ծանր պայքարի պատճառ է դարձել, քննարկվում է, թե ո՞ր ոլորտի ծախսերը պետք է կրճատվեն, քանի որ սոցիալական ծախսերը չի կարելի կրճատել` քաղաքականապես ձեռնտու չէ, ռազմական, իրավապահ մարմինների ծախսերի կրճատումը նպատակահարմար չեն համարում լոբբիստները:
Այս ամենի հետ մեկտեղ՝ ՌԴ իշխանությունները պետք է հավելյալ միջոցներ ներդնեն տնտեսության մեջ, որպեսզի ճգնաժամն էլ ավելի չխորանա: Այսօր այս ամենի շուրջ թեժ քննարկումներ ու պայքար է ընթանում»,- մեկնաբանեց Նեչաևը` շարունակելով, որ այդ նախագծերի վրա ծախսերը շատ մեծ չեն ներկայումս, ուստի ՌԴ իշխանությունների համար այս հարցի առաջնահերթությունից ելնելով՝ ՌԴ բյուջեն այս հարցը կհաղթահարի: Սակայն, նրա համոզմամբ, այդ պրոյեկտների լուրջ ֆինանսավորում, միասնական նախագծերի իրականացում առաջիկա ժամանակահատվածում պետք չէ սպասել:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: