![](/banners/BeFunky-design.jpg)
«Թուրքական հոսքը» կբարձրացնի Եվրոպայի էներգոանվտանգությունը. Լավրով
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/1043563918.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Հարավային հոսք» գազատարի նախագծի շուրջ իրավիճակը չափազանց պարզ է:
Լավրովը մանրամասնել է, որ այդ նախագիծը փակվել է Եվրահանձնաժողովի խտրական վերաբերմունքի պատճառով: Լավրովն ընդգծել է, որ «Թուրքական հոսքի» նախագիծը հնարավորություն կտա բարձրացնել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը՝ շրջանցելով տարանցման հարցում առկա խնդիրները:
Լավրովի խոսքերով՝ որպես «Հարավային հոսքի» այլընտրանք ներկայացված «Թուրքական հոսքի» նախագծի նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում Եվրոպայում.
«Այդ մասին ներկայումս ընթանում են կոնկրետ քննարկումներ: Հուսով եմ, որ այն կիրագործվի և հնարավորություն կտա բարձրացնել Եվրոպայի էներգոանվտանգությունը՝ նրան ապահովագրելով տարանցման խնդիրներից»:
Ռուսաստանը «Հարավային հոսք» գազատարի նախագծից հրաժարվելու մասին հայտարարեց նախորդ տարեվերջին, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր Թուրքիա: