Ռուսաստանն ու Իրանը վերսկսելու են С-300 զենիթա-հրթիռային համալիրների շուրջ բանակցությունները

Jane’s-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Իրանը վերսկսելու են С-300 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարման մասին բանակցությունները՝ հարթելու համար ծագած տարաձայնությունները: Այս մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարարությունը:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի իրանական այցի ժամանակ, որի շրջանակներում նա հանդիպել է իր իրանցի գործընկեր Հուսեին Դեհգհանի հետ:

Առաջիկա բանակցությունների մանրամասները դեռ հայտնի չեն: Ռուսաստանն ու Իրանը երեկ ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:

Հիշեցնենք, որ С-300-ների 5 դիվիզիոնի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանի ու Իրանի միջև կնքվել է 2007 թվականի վերջին: Գործարքը գնահատվել էր 800 միլիոն դոլար:

Սակայն այն բանից հետո, ինչ ՄԱԿ ԱԽ-ը 2010 թվականի հունիսին ընդունեց Իրանին սպառազինություն մատակարարելը սահմանափակող թիվ 1929 բանաձևը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2010 թվականի սեպտեմբերի 22-ին չեղյալ հայտարարեց Իրանին С-300-ների մատակարարման մասին պայմանագիրը՝ չնայած նրան, որ իրանական կողմն արդեն 167 միլիոն դոլարի կանխավճար էր տվել:

Պայմանագրի չեղյալ հայտարարումից և կանխավճարի վերադարձումից հետո Իրանը դիմեց միջազգային դատարան՝ պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում: Իրանական կողմը պարզաբանել է, որ իրենք պահանջել են միայն 900 միլիոն դոլարի փոխհատուցում, իսկ մնացյալ 3 միլիարդ դոլարը դատարանն իր կողմից է ավելացրել:

Տեսանյութեր

Լրահոս