
ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծելու գաղափարը պահպանում է իր այժմեականությունը. Լավրով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցություններ սկսելու գաղափարը նախկինի նման այժմեական է:
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստան ղեկավարությունն արդեն առաջին տարին չէ, որ եվրոպացի գործընկերներին կոչ է անում սկսել ԵՏՄ-ի ու ԵՄ-ի ինտեգրման նախագիծը. «Այդ ճանապարհին առաջին քայլ կարող է լինել ԵՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների գործարկումը:
Ինչպես գիտեք, նման նախաձեռնությամբ մեկ տարի առաջ Բրյուսելում հանդես եկավ Պուտինը: Այն պահպանում է իր այժմեականությունը»: Լավրովի խոսքերով՝ ինտեգրումը կօգնի ապահովել այսպես կոչված Մեծ Եվրոպայի բոլոր երկրների ներդաշնակ զարգացումը, ընդ որում՝ դա վերաբերվում է թե՛ ինտեգրացիոն տարբեր միավորումների մեջ մտած երկրներին, թե՛ դրանց չանդամակցած երկրներին:
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ԵՄ-ի հետ համագործակցության զարգացմամբ, ինչի համար անհրաժեշտ է հաղթահարել Ուկրաինայի ճգնաժամի պատճառով ծագած խնդիրները: