Գյուլենականները 363 անգամ գաղտնալսել են Թուրքիայի պետական այրերի 31 կոդավորված հեռախոս
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում շարունակվում է գյուլենականների դեմ պայքարը: Թուրքիայի 6 նահանգում անցկացվել են միաժամանակյա գործողություններ, որոնց արդյունքում ձերբակալվել է 10 ոստիկան, որոնցից 3-ը՝ նախկին: Տարվող հետաքննության ժամանակ պարզվել է, որ գյուլենականները 363 անգամ գաղտնալսել են 31 կոդավորված հեռախոս, որոնք պատականել են պետական այրերին:
Մասնավորապես, գաղտնալսվել են ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանի, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի, ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի, փոխվարչապետներ Բյուլենթ Արընչի ու Ալի Բաբաջանի, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանի, Սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քըլըչի հեռախոսները:
Էրդողանի վարչապետության ժամանակ մեկ տարում 55 անգամ գաղտնալսել են նրա 3 կոդավորված հեռախոսները, Դավութօղլուին գաղտնալսել են 26 անգամ, Նեջդեթ Օզելին՝ 28 անգամ, Ալի Բաբաջանին՝ 31 անգամ, Բյուլենթ Արընչին՝ 5 անգամ, Էֆքան Ալային՝ 6 անգամ, Թաներ Յըլդըզին՝ 14 անգամ, Հաքան Ֆիդանին՝ 28 անգամ: