
Հայաստանն այս տարի ևս չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին. Banks.am

Այս տարի ևս Հայաստանը չի մասնակցի շվեյցարական Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին, որը կանցկացվի հունվարի 21-24-ը:
Այս մասին Banks.am-ին հայտնել են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Համաշխարհային տնտեսական 45-րդ ֆորումն այս տարի կանցկացվի «Համաշխարհային նոր համատեքստ» խորագրի ներքո:
Հայաստանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին չէր մասնակցել նաեւ վերջին տարիներին, ինչը, որպես կանոն, պատճառաբանվում էր մասնակցության հետ կապված մեծ ծախսերով:
Բիզնես, քաղաքական եւ ակադեմիական էլիտայի ավելի քան 2500 ներկայացուցիչներ Դավոսում փորձելու են լուծումներ գտնել համաշխարհային մարտահրավերների հարցում:
Ֆորումի օրակարգի 4 հիմնական ուղղություններն են՝ ճգնաժամ եւ համագործակցություն, աճ եւ կայունություն, նորարարություն եւ արդյունաբերություն, հասարակություն եւ անվտանգություն: