Ադրբեջանի կողմից բլից հարված կարող է լինել, և ես դրանից եմ վախենում. Արման Նավասարդյան

«Վախենում եմ ոչ թե հայ-ադրբեջանական տոտալ պատերազմից, այլ Ադրբեջանի բլից հարվածից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան, ներկայումս Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առաջացած լարվածությանը: Նա նշեց, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման մի քանի պատճառ է տեսնում: Դրանցից առաջինը, ըստ Նավասարդյանի, այն է, որ արաբական ֆունդամենտալիզմը համառ կերպով մտնում է Ադրբեջան, և Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հաշվարկները սխալ են, չեն իրականանում: Երկրորդը, դեսպանի խոսքով, այն է, որ Ադրբեջանը դեմ էր ՀՀ ԵՏՄ անդամակցությանը՝ մի շարք պատճառներով:

«Ղարաբաղի հարցն այնպես չլուծվեց ԵՏՄ շրջանակում, ինչպես Բաքուն կցանկանար: Իրականում ՀՀ-ն ԵՏՄ անդամ չպետք է դառնար, քանի որ ուներ սահմանային խնդիր»,- ասաց Նավասարդյանը: Վերջինիս համոզմամբ՝ որևէ մեծ պետության ձեռնտու չէ լարվածությունը, առավել ևս՝ լայնածավալ ռազմական գործողություններն այս գոտում: «Սակայն բլից հարված կարող է լինել, և դրանից եմ ես վախենում: Այսինքն` ոչ թե վախենում եմ, որ Ադրբեջանը տոտալ պատերազմ կհայտարարի Հայաստանի դեմ, այլ բլից կհարվածի»,- նշեց Արման Նավասարդյանը` ավելացնելով, որ ՀՀ իշխանությունները պետք է դիմակայեն հենց այդ սպառնալիքներին:

Արման Նավասարդյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ ավելի ուշ:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս