Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելը դիվանագիտական հիմարության աննախադեպ ակտ է. The Independent
Բրիտանական The Independent թերթում երեկ հրապարակվել է մերձավորարևելյան հարցերով փորձագետ Ռոբերտ Ֆիսկի «Գալիպոլիի հարյուրամյակը Հայկական Հոլոքոսթը թաքցնելու ամոթալի փորձ է» խորագրով հոդվածը, որը զգալի կրճատումներով ներկայացվում է ստորև.
«Այն ժամանակ երբ համաշխարհային առաջնորդները, այդ թվում նաև արքայազն Չառլզը և Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի վարչապետները Թուրքիայի կառավարության հրավերով կհավաքվեն Գալիպոլիում՝ ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ճակատամարտի, 1.5 միլիոն քրիստոնյա հայերի ուրվականները կգտնվեն նրանց հետ:
Դիվանագիտական հիմարության այդ աննախադեպ ակտի համար Թուրքիան պլանավորում է օգտագործել 1915 թվականին Գալիպոլի դաշնակցային (անգլո-ֆրանսիական) զորքերի ներխուժման 100-ամյակը և դրանով իսկ փորձել խեղդել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների հիշատակը:
Թուրքերն արդեն իսկ հրավերներ են ուղարկել 102 երկրի ղեկավարների՝ Գալիպոլիում մասնակցելու համար ապրիլի 24-ի տոնակատարություններին: Դա այն օրն է, երբ Հայաստանը մշտապես նշում է Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանության իր իսկ զոհերի հիշատակը:
Նախաձեռնության շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրավեր է ուղարկել անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ նախապես իմանալով, որ այն մերժվելու է: Ավելի վաղ Սարգսյանն էր հրավեր ուղարկել՝ մասնակցելու համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
Սա պարզապես դիվանագիտական չարաճճիություն չէ: Թուրքերը հիանալի հասկանում են, որ Գալիպոլիում դաշնակիցների ափհանումը մեկնարկել է ապրիլի 25-ին՝ տվյալ ժամանակ Թուրքիայի կառավարության իրականացրած Հայոց ցեղասպանության հաջորդ օրը, և որ Ավստրալիան ու Նոր Զելանդիան Anzac-ի (Australian and New Zealand Army Corps) օրը նշում են ապրիլի 25-ին:
Դեռ երկու տարի առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Գալիպոլիի ճակատամարտի 98-ամյակը նշել է 2013 թվականի մարտի 18-ին: Դա այն օրն է, երբ բրիտանական ռազմածովային նավատորմը ծովակալության առաջին լորդ Ուինսթոն Չերչիլի հրամանով սկսեց Դարդանելի ռմբակոծությունը: Այն ժամանակ Թուրքիայում որևէ մեկի մտքով չանցավ Գալիպոլիի ճակատամարտի հերթական տարեդարձը նշել ապրիլի 24-ին»:
Ֆիսկը, մեջբերելով Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այն խոսքերը, որ Դարդանելի ճակատամարտին օսմանյան բանակի կազմում մասնակցել են նաև հայերը, ինչի համար էլ հրավիրվել է նաև Սերժ Սարգսյանը, նշում է, որ Թուրքիան այդ հարցում փոխում է իր տեսակետը, քանի որ մինչ այդ նա թաքցնում էր այդ փաստը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի մարտին բրիտանական The Independent թերթում հրապարակվել էր Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ռոբերտ Ֆիսկի` «Հայ հերոսը, որին Թուրքիան նախընտրում է մոռացության մատնել» խորագրով հոդվածը, որում նշված էր, որ Թուրքիայի կառավարությունը պլանավորում է 2015 թվականին նշել 1915 թվականին Գալիպոլիի ճակատամարտում (Դարդանելի օպերացիա) տարած հաղթանակի հոբելյանական 100-րդ ամյակը, սակայն նախընտրում է մոռացության մատնել Դարդանելի ճակատամարտում աչքի ընկած հայ հերոս Սարգիս Թորոսյանին: