Էրիկ Անթառանյանը՝ Անդրեյ Մալախովի այցելության մասին. «Մենք այցելել ենք գերեզման. նա անպայման ցանկացավ ծաղիկներ և խաղալիք դնել փոքրիկի գերեզմանին» (լուսանկարներ)
Հաղորդավար և պրոդյուսեր Էրիկ Անթառանյանը, ով ուղեկցել և աջակցել է ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովին, 168.am-ի հետ զրույցում պատմեց, թե որքան հուզված է եղել Ա. Մալախովը՝ առաջին անգամ հիվանդանոցում տեսնելով փոքրիկ Սերյոժային, ով ցավոք սրտի այլևս ողջ չէ…
«Անդրեյ Մալախովը Երևանում է եղել առավոտյան ժամը 7-ից և մեկնել է երկրից՝ ցերեկ, ժամը 4-ին: Մենք այդ ընթացքում հասցրել ենք գնալ Գյումրի և վերադառնալ Երևան: Վաղ առավոտյան առաջինն այցելել ենք Գյումրի՝ մտել ենք եկեղեցի, ստացել ենք Սրբազան Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի օրհնությունը, զրուցել նրա հետ: Որից հետո մենք այցելել ենք գերեզմաններ. նա անպայման ցանկացավ ծաղիկներ և խաղալիք դնել փոքրիկի գերեզմանին: Այնուհետև շատ կարճ հանդիպում ենք ունեցել Գյումրիի քաղաքապետի հետ և սկսել ենք այցելել Ավետսիյանների հարազատների տները:
Նա լսել էր, որ Գյումրիում փակ դուռ չի լինում և նրան շատ հուզել էր այդ փաստը: Նա անգամ մի փորձ արեց՝ մտնելով հարևաններից մեկի տուն և շատ զարմացավ, որ դուռը բաց էր և որ մարդիկ ընդունեցին հյուրին շատ նորմալ:
Ես զգացի, որ եթե անգամ տեսախցիկ չլիներ, նա միևնույն է՝ էլի կժամաներ Գյումրի և իր ցավակցությունը կհայտներ և ներողություն կխնդրեր… Նա բոլորի հետ իր զրույցը սկսում էր այսպես՝ «ցավակցում եմ»»,- նշում է Էրիկը:
– Ճիշտ է՞ արդյոք, որ Մալախովն առաջարկել է Ավետիսյանների հարևաններին իր հաշվին մեկնել Մոսկվա և մասնակցել հաղորդմանը նկարահանմանը:
– Դա նորմալ կուլտուրա է: Երբ հեռուստաընկերություն հրավիրում է մասնակցելու հաղորդմանը, նա ամբողջ ծախսերը վերցնում է իր վրա: Եթե հրավիրել է, ուրեմն, բնականաբար, հոգալու է նրանց ծախսերը:
– Ինչպե՞ս էր Մալախովը մեկնաբանում այս ողբերգական իրավիճակը, այս սարսափելի խառնաշփոթը:
– Նա չի մեկնաբանում, նա որպես լրագրող փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում: Արդյո՞ք մեր ողջ լրատվական դաշտը հասկացել է, թե ինչ է կատարվում: Չնայած, եթե դիտենք սոցիալական ցանցերը, մենք բոլորս էլ մեկնաբաններ և դատավորներ ենք դարձել: Նա ասում, է, որ ուզում է իսկապես հասկանալ օբեկտիվ իրողությունը: Նա նաև ցանկացել էր զրուցել իրեն ուղղված բաց նամակի հեղինակի՝ Արմինե Շիրոյանի հետ և խնդրել էր անպայման գտնել նրան: Մենք գտանք և նա զրույց ունեցավ Արմինեի հետ:
– Էրիկ Ձե՞ր նախաձեռնությունն էր՝ ուղեկցել Մալախովին:
– Ռուսաստանի 1 ալիքը դիմել էր մեր ընկերությանը, և Հանրային հեռուստաընկերընկերությունը որոշեց, որ ես եմ ուղեկցելու և աջակցելու՝ թե տեխնիկապես, թե նյութերով:
– Կարելի՞ է վստահ ասել, որ Մալախովի հեղինակած հաղորդման մեջ պատմելու են Ավետիսյանների ողբերգության մասին:
– Ես իսկապես չգիտեմ: Մենք այդ հարցերը չենք տվել: Պարզապես աջակցել ենք, ինչպես կարողացել ենք: Երբ լուր լինի, Հանրային ալիքն անպայման կտեղեկացնի այդ մասին:
Հ. Գ. Մենք Էրիկից հետաքրքրվեցինք՝ տեղյակ է արդյո՞ք Անդրեյ Մալախովը, որ փորքիրկ Սերյոժան մահացել է: Էրիկն ասաց, որ, այո՛, Մալախովը տեղյակ է և որ հենց նոր խոսում էր նրա հետ այդ մասին: «Մենք տեղեկացրեցինք Մալախովին այդ մասին,- ասաց նա՝ ավելացնելով,- Հեռախոսից այն կողմ լռություն էր և հուզմունք…»:
«Նա հուզվել էր և չէր կարողանում խոսել: Երբ առավոտյան մենք այցելեցինք փոքրիկ Սերյոժային նա ևս հուզված էր: Երբ մենք այնտեղ էինք, Մալախովը շատ անկեղծ զրույց ունեցավ նաև Առողջապահության նախարարի հետ: Նպատակը ոչ թե հարցազրույց վերցնելն էր, այլ իրապես մարդկայնորեն հետաքրքրված էր փոքրիկի առողջությամբ»,- նշում է Էրիկը:
Մեզ հետ զրույցում Էրիկ Անթառանյանը նույնպես չափազանց հուզված էր փոքրիկ Սերյոժայի մահվան գույժից: Ցավակցելով Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, նա ասաց. «Երեխային հիվանդանոցում տեսնելուց հետո շատ ավելի ծանր ու ցավալի է իմանալ, որ նա այլևս չկա»: