
Գարիբաշվիլին կմասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարաչապետ Իրակլի Գարիբաշվիլին մասնակցելու է հունվարի 21-ին Դավոսում մեկնարկելիք Համաշխարհային տնտեսական ֆորումին: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Գարիբաշվիլին ելույթ է ունենալու ֆորումում, ինչպես նաև ֆորումի շրջանակներում ոչ պաշտոնական հանդիպումներ է ունենալու համաշխարհային առաջնորդների, համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու են ընթացիկ տարվա տնտեսական առաջնահերթությունները:
Գարիբաշվիլին Շվեյցարիա կմեկնի վաղը: Միջազգային տնտեսական ֆորումը հունվարի 21-24-ին 45-րդ անգամ կանցկացվի Դավոսում: Ակնկալվում է, որ այս անգամ դրան կմասնակցեն 2500 գործարարներ, քաղաքական գործիչներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ ու փորձագետներ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի վերջին հաղորդվել էր, թե Գարիբաշվիլին ու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սկսել են վիճարկել Դավոս մեկնելու իրավունքը: