Կեսգիշերից հետո գործունեություն ծավալելու իրավունքից զրկվել է հանգստի և զվարճանքի 39 օբյեկտ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքում գործող զվարճանքի օբյեկտների աշխատանքի հետ կապված՝ հանձնարարել է ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքներն ու, ըստ այդմ, համապատասխան քայլեր ձեռնարկել տվյալ օբյեկտների ժամը 24:00-ից հետո գործունեության թույլտվության տրամադրման կամ դրա դադարեցման ուղղությամբ:
«Ստեղծեք աշխատանքային խումբ և ուսումնասիրեք նախորդ տարվա բողոքները: Հիշեցնեմ, որ վերջին երկու տարվա ընթացքում, հաշվի առնելով մեր համաքաղաքացիներին պատճառվող անհարմարությունները, կեսգիշերից հետո գործունեություն ծավալելու իրավունքից մենք զրկել ենք նմանատիպ 39 օբյեկտի: Նաև տեղեկացնեմ, որ մեր կողմից մշակվել և ներկայացվել է օրենքի նոր նախագիծ, որով կարգելվի զվարճանքի օբյեկտների տեղակայումը բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքներում», – ընդգծել է քաղաքապետը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև քայլեր ձեռնարկել քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում ավագանու նիստերի առցանց հեռարձակումն ապահովելու ուղղությամբ: