«Աղմկեցին, ձեռքը երկարացրեց դեպի բջջային հեռախոսը, ես էլ կրակեցի». Թամարա Յայլոյանը մասնակցել է Վալերի Պերմյակովի հարցաքննությանը
Փաստաբան Թամարա Յայլոյանը, որպես Վալերի Պերմյակովի հանրային պաշտպան, մասնակցել է որպես կասկածյալ նրա հարցաքննությանը, ինչպես նաև մի քանի այլ քննչական գործողությունների: 168.am-ը զրուցել է փաստաբանի հետ, ով հրաժարվել է նրա պաշտպանությունից:
– Տիկին Յայլոյան, որպես փաստաբան ի՞նչ քննչական գործողությունների եք մասնակցել:
– Մասնակցել եմ անձնական խուզարկությանը, ներկա եմ գտնվել նրանից կրակոցի հետքերի վերաբերյալ նմուշներ վերցնելուն, և, որպես կասկածյալ՝ հարցաքննությանը:
– Շարունակելո՞ւ եք իրականացնել նրա պաշտպանությունը, կմասնակցե՞ք այլ գործողությունների:
– Ես հայտարարել եմ, որ չեմ պաշտպանի իրեն: Հունվարի 13-ին երեկոյան Ռուասատանի կողմի ներկայացուցիչը՝ քննիչը, եկել էր իմ աշխատասենյակ, ասաց, որ հունվարի 14-ին կալանքի հարցն է քննարկվելու, դատավոր է ժամանելու, ցանկալի է, որ ներկա գտնվեմ: Ես ասացի, որ չեմ կարող ներկա գտնվել: Այդ ժամանակ զանգահարեցի որոշ մարդկանց, ասացի, որ գուցե տղամարդ փաստաբաններ մասնակցեն, ցանկություն ունենան: Զանգահարեցինք՝ հրաժարվեցին, ասացին, որ չեն ցանկանա մասնակցել: Դրանից հետո նա գնաց, և երևի փաստաբան էին հրավիրել Ռուսաստանի Դաշնությունից, որը ժամանել էր, և երևի ներկա է գտնվել կալանքի սանկցիայի ժամանակ, որովհետև կալանքի սանկցիա տրվել է, և որքան հասկանում եմ՝ որպես մեղադրյալ հարցաքննվել է: Իսկ քանի որ և՛ մեր, և՛ ռուսական օրենսդրությամբ անկախ նրանից՝ զինծառայողը ցանկանում է փաստաբան ունենալ, թե ոչ, պարտադիր պետք է փաստաբան ներգրավվի, ուրեմն առանց փաստաբանի գործողություն չեն կատարել: Իսկ եթե մեր կողմից փաստաբան չի եղել, ուրեմն իրենք են փաստաբան բերել:
Ես չգիտեմ, թե իմ հրաժարումն այնտեղ ինչպես են ձևակերպել: Ըստ օրենքի՝ ես իրավունք չունեմ հրաժարվելու պաշտպանությունից, այլ իմ պաշտպանյալը պետք է հրաժարվի իմ ծառայություններից: Հիմա գուցե իրենք ձևակերպել են, որ Պերմյակովն է հրաժարվել: Գուցե ձևակերպումն այդպես են տվել, կամ չգիտեմ՝ գուցե ձևակերպում որևէ կերպ չեն տվել, ես այսօր ցանկանում էի նաև զանգահարել, իրենց հետ ճշտել, թե այդ մասն ինչպես է ձևակերպվել:
-Ինչո՞վ է պայմանավորված, որ այլևս չեք ցանկացել շարունակել իրականացնել պաշտպանությունը:
-Էմոցիոնալ առումով չկարողացա: Ես նորից եմ կրկնում՝ գտնում եմ, որ ճիշտ կլիներ մասնակցեի: Ճիշտ կլիներ, որ եթե ես էլ չէի մասնակցում, գոնե մեր կողմից փաստաբան մասնակցեր: Իմ հրաժարումը ոչ պրոֆեսիոնալ էր, բայց չկարողացա իմ էմոցիաները կառավարել: Այսպես ասեմ: Չկարողացա կառավարել: Ես, ճիշտ է, զբաղվել եմ բազամաթիվ սպանությունների գործերով: Արդեն մոտ 17-18 տարի փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվում, և երևի թե ավելի դաժան գործերով եմ զբաղվել, բայց երբևիցե չէի մասնակցել գործով, որտեղ մանկահասակ երեխայի էին սպանել, և դա էմոցիոնալ առումով մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա և չկարողացա դիմանալ:
– Պաշտոնատար անձինք հայտարարեցին, որ Վալերի Պերմյակովն ընդունել է, որ ինքն է կատարել հանցագործությունը: Դուք ասացիք, որ մասնակցել եք որպես կասկածյալ նրա հարցաքննությանը: Որևէ պատճառաբանություն հնչեցվե՞լ է:
– Ո՛չ: Ինքը որևէ պատճառաբանություն չի հնչեցրել: Հարց էր տրվում՝ ինչո՞ւ կրակեցիր: Ասում է՝ չգիտեմ, աղմկեցին, ձեռքը երկարացրեց դեպի բջջային հեռախոսը, ես էլ կրակեցի: Հարցրին, թե ինչո՞ւ մանկահասակ երեխային սվինով խփեցիր, վնասվածք պատճառեցիր, ասաց՝ չգիտեմ: Գրեթե բոլոր հարցերին պատասխանում էր՝ չգիտեմ, չեմ կարող բացատրել:
– Ինչպիսի՞ն էր Ձեր տպավորությունը մեղադրյալի հետ շփումից: Նա ադեկվա՞տ էր, նորմա՞լ էր պատասխանում հարցերին:
– Անկեղծ ասած՝ ես չցանկացա առանձին, կոնֆինդեցիալ նրա հետ խոսել: Ճիշտ կլիներ, որ, երևի թե, առանձին, կոնֆիդենցիալ խոսեի, բայց դա այնպիսի պահ էր, որ չցանկացա: Բայց այն հատվածը, որ մենք, այսպես ասենք, նույն աշխատասենյակում էինք… Երևի թե սովորական մարդ էր, որը կատարել է հանցագործություն, հասկանում էր, թե ինչ է կատարել, և բավականին տրամաբանական էլ պատասխանում էր որոշ հարցերի, և երևի նաև իր շահերից էր բխում ասել, որ չգիտի կամ չի կարող բացատրել, թե ինչու է արել: Ըստ էության՝ նաև անհնար է բացատրել՝ ինչով էլ պայմանավորված լինեին այդ գործողությունները: Չնայած ինքն ասում էր, որ պատահական տուն է ընտրել, պատահական է մտել, ուզում էր ասել հանկարծակի ծագած դիտավորություն է եղել, այսինքն՝ նախօրոք պլանավորված չի եղել, բայց ամեն դեպքում ինչ էլ որ լիներ՝ բնական է, որ անբացատրելի կմնար մանկահասակ երեխաների սպանությունը:
Ես այսպես եմ մտածում: Բայց ևս մեկ անգամ կրկնեմ, որ պետք է մի շարք փորձաքննություններ նշանակվեն՝ դատահոգեբուժական, դատաբժշկական համալիր փորձաքննություն (որպես իրավաբան եմ հիմա ասում): Պետք է փորձաքննություն նշանակվի նաև՝ պարզելու համար, թե արդյոք հոգեմետ դեղեր կամ թմրանյութեր օգտագործե՞լ է, թե՞ ոչ: Ինքը հայտարարեց, որ երբևիցե թմրանյութեր չի օգտագործել և այդ օրն էլ չի օգտագործվել, բայց նրա հայտարարությունը բավարար չէ: Այսինքն, նաև փորձաքննություն պետք է կատարվի՝ այդ հարցը պարզելու համար: Գուցեև նա ինչ-որ հոգեմետ դեղերի ազդեցության ներքո է եղել: Գուցե: Ես չեմ կարող ասել, որովհետև այդ հարցին պետք է պատասխանի փորձաքննությունը:
– Այս ընթացքում մարդիկ տարակուսանք հայտնեցին նաև, որ Վալերի Պերմյակովն իր պայուսակը, կորշիկները, որոնց վրա գրված է եղել իր անունը, թողել է Ավետիսյանների տանը: Նման հարց հնչեցվե՞լ է որպես կասկածյալ հարցաքննության ընթացքում, նա ինչ-որ կերպ պատճառաբանե՞լ է, թե ինչո՞ւ է թողել իր իրերը:
– Ո՛չ: Չի պատճառաբանել: Ինքը դա ոչ մի կերպ չպատճառաբանեց:
– Այսինքն՝ նրա ցուցմունքից ստացվում է, որ Ավետիսյաններին չի՞ ճանաչել:
– Այո, ինքն ասում է, որ չի ճանաչել, նախկինում նրանց հետ երբեևիցե չի հանդիպել, հայերի հետ երբևիցե կոնֆլիկտ չի ունեցել, տեղի բնակիչներից որևիցե մեկին չգիտի, իր մտադրությունը եղել է ընդամենը 1-2 ժամով շրջել քաղաքում, վերադառնալ, երևի հույս է ունեցել, որ, ըստ իրեն, ոչ մեկը չի իմանա, թողել է իր հսկողության վայրը, և գնացել է՝ շրջելու քաղաքով, և հասել է, այդ թաղամասին, ծարավ է զագացել, պատահական կպել է այդ դարպասին, տեսել է, որ բաց է, որոշել է ներս մտնել, տներից մեկից ջուր խմել, տեսել է պատուհանը, պատուհանից հանել է ապակին, ներս է մտել և կատարել այդ գործողությունները: Իր մոտիվացիան այն է, որ ինքն ուզեցել է ջուր խմել: