Գյումրիի ողբերգական իրադարձությունների ֆոնին՝ «Գրիբոյեդով» ակումբը կանցկացնի տարվա առաջին հավաքը

Գյումրիի ողբերգական  իրադարձությունների և երկրում բարձրացած հակառուսական տրամադրությունների ֆոնին Երևանում կիսագաղտնիության քողի տակ գործող Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմքի կողմից համակարգվող «Գրիբոյեդով» ակումբն առաջիկա օրերին կանցկացնի այս տարվա առաջին հավաքը:

168.am-ի տեղեկություններով, նախապես ծրագրված  հանդիպումների ցանկի համաձայն, ակումբի հերթական հյուրը կլինի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, 1998թ. «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ Կարեն Շահնազարովը: Հանդիպումն, ըստ մեր աղբյուրների, նախատեսվում է հունվարի 20-ին: Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր ամիս «Գրիբոյեդովի» հյուրերը ակումբի անդամների հետ զրուցում են մեկ թեմայի շուրջ: Կարեն Շահնազարովը, ըստ մեր տեղեկությունների, կխոսի «Ածխաջրածինների փոխարեն՝ ի՞նչ» թեմայի շուրջ:  Չի բացառվում, որ արցախցի արմատներով կինոռեժիսորը Երևանում ունենա այլ հանդիպումներ ևս: Գաղտնիք չէ, որ ամեն ամիս «Գրիբոյեդովի» հիմնադիր Դմիտրի Կիսելյովը պարտադիր կերպով ժամանում է Երևան՝ մասնակցելու ակումբի հանդիպումներին, ուստի այս անգամ երկրում բարձրացած տրամադրությունների ֆոնին Կիսելյովի  համար բարդ կլինի շրջանցել Ռուսաստանի համար մի շարք կնճռոտ, այդ թվում՝ Գյումրիի ողբերգությանն ու Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի նշանակությանն առնչվող  հարցերը: Թեև չի բացառվում նաև, որ հանդիպումը հետաձգվի նախազգուշական նպատակներով, ինչպես նախկինում:

Հիշեցնենք, որ «Գրիբոյեդով» ակումբի հավաքներն անցկացվում են ամիսը մեկ անգամ, երևանյան տարբեր էլիտար ռեստորաններում, որոնք հավաքների ժամանակ փակվում են հատուկ այդ հանդիպման համար։ Այդ հավաքներին մասնակցելու համար ամեն ամիս Հայաստան է ժամանում անձամբ Դմիտրի Կիսելյովը։

Ընթրիքներն ուղեկցվում են հարցուպատասխանի ֆորմատով, տեղացիների հարցերին պատասխանում են ՌԴ-ից հրավիրված հյուրերը, ովքեր փոփոխվում են։ Վերջին հանդիպումները կայացել են «Երևան Պլազա» հյուրանոցի վերին հարկում գտնվող ռեստորանային համալիրում: Ակումբի վերջին հյուրերն են եղել «Միացյալ Ռուսաստան» ՌԴ-ի իշխող կուսակցության բարձրագույն խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Գրուզդևը և Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի նյույորքյան ներկայացուցչության ղեկավար, դասախոս, քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Միհրանյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս