Ամբաստանյալ. «Ինչքան երկար եմ նստում այս դահլիճում, այնքան ավելի հստակ զգում եմ ինչ-որ տարօրինակ հոտ: Ու ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ դա 1937թ. հոտն է» (տեսանյութ)
Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում այսօր իր բողոքը ներկայացրեց ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը: Նա դատարանին խնդրեց անդրադառնալ բողոքում բերված բոլոր փաստարկներին և դրանց վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում:
Նրա խոսքով՝ նման միջոցառումների ընթացքում ոստիկանների հետ տեղի ունեցած ընդհարումները չեն կարող որակվել որպես խուլիգանություն: Արա Զաքարյանն ասաց նաև, որ այս գործով անմեղության կանխավարկածի խախտում է եղել: Մինչև ընդհանուր իրավասության դատարանի կողմից վճռի կայացումը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել:
Փաստաբանը դատարանին խնդրեց գնահատական տալ սրան՝ փաստելով, որ անմեղության կանխավարկածի խախտում է եղել: Դիմելով դատավորներին՝ նա ասաց. «Ես հասկանում եմ. շատ ծանր կացության մեջ եք գտնվում: Մի կողմից՝ դուք օրենքի համաձայն՝ պարտավոր եք պաշտպանել իրավունքի շահերը, բայց մյուս կողմից՝ գոյություն ունի նախագահի հայտարարությունը, որը ձեզ, կարծում եմ, շատ է կաշկանդում: Հուսով եմ, որ հարգելի դատարան, այնուհանդերձ ձեր մեջ կգտնվի ուժ և կամք իրավունք պաշտպանելու, այլ ոչ թե հանրապետության նախագահի ասածները կատարելու»:
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանն էլ ասաց, որ 2013թ. նոյեմբերի 5-ից առ այսօր գտնվում է իշխանական գերության մեջ: «Ինչքան երկար եմ նստում այս դահլիճում, այնքան ավելի հստակ զգում եմ ինչ-որ տարօրինակ հոտ: Ու ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ դա 1937թ. հոտն է»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ կարծես իր առաջ նստած է «тройка»-ն, որը կանխորոշված վճիռ է կայացնելու՝ իր ու իր ընկերների նկատմամբ՝ իրենց պիտակավորելով մի պիտակով, որի վրա խոշոր տառերով գրված է՝ ազգի թշնամի: Ամբաստանյալը, դատավորի հարցին ի պատասխան, ասաց, որ «тройка» ասելով՝ նկատի ունի արդարադատության համակարգը: «Բայց ինչպիսի ազգի դավաճան եք դուք ինձ փորձում ներկայացնել. մի ազգի թշնամի, որը գիշերը մտնում է ձեր տները և սառնասրտորեն ոչնչացնում կանանց և երեխաների, իսկ 6 ամսական փոքրիկին սվինահարում է, կամ էլ այն ազգի թշնամի, որը թքում է մեր օրենքների, մեր Սահմանադրության վրա, ձեր ազգային հպարտության և ինքնասիրության վրա՝ հանուն իր իմպերիալիստական հետաքրքրությունների»,- հայտարարեց Արմեն Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ պետական մեղադրող անօրեն, հացագործ, ոչ լեգիտիմ ռեժիմի ցուցումով իրեն ու իր ընկերներին մեղադրեց մի հանցագործության կատարման մեջ, որի ապացույցներն այդպես էլ չներկայացվեցին դատարանում.
«Նույն ռեժիմի ցուցումով, առանց իմ մեղքն ապացուցելու, հանրությանը հայտնի, заказ կատարող դատավոր Մարտիրոսյանը ինձ դատապարտեց 2 տարի ազատազրկման: Նման պայմաններում առնվազն ծիծաղելի կլիներ իմ կողմից վերաքննիչ դատարանից արդարադատություն ակնկալել ոստիկականական բռնապետությունում այլախոհության, հայրենասիրության և արժանապատվություն ունելու համար ազատազրկման դատապարտվելուց հետո:
Սակայն ես պահանջում եմ հետևյալը: բոլոր քաղաքակիրթ երկրներում տարբեր իրավական նորմերով և ակտերով, նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում չգործեց, բայց թղթի վրա ձևակերպված Սահմանադրությունոով և այլ օրենսդրություններով, անգամ Հայաստանում գործող Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունով հստակ սահմանված է, որ եթե բացակայում են քրեական հանցագործության կատարման ապացույցները, բայց անձը դատապարտվում է ազատազրկման իր քաղաքական դիրքորոշման ու հայացքների համար, ապա տվյալ անձը համարվում է քաղբանտարկյալ:
Ուստի, կամ ինձ ու իմ ընկերներին պաշտոնապես ճանաչում եք ու հռչակում եք քաղբանտարկյալներ և դատապարտում եք մեզ ազատազրկման մեր գաղափարների, քաղաքական դիրքորոշման, քաղաքական այլախոհության համար, կամ էլ անհապաղ դադարեցնում եք մեր նկատմամբ գործադրվող իշխանական տեռորը, այս դահլիճից մեզ անհապաղ ազատում եք՝ քրեական հանցագորության կատարման ապացույցների բացակայության պատճառով: Կա նաև երրորդ տարբերակ: Այդ հայադավ, դավաճան իշխանությունը հրաժարվում է իր աթոռներից, նստում է ամբաստանյալների աթոռներին և հանձնվում է հանրության դատաստանին: Բայց այդ ժամանակ նույնիսկ գիշերվա ամենասարսափելի երազում չեք կարող պատկերացնել դատավճռի ամբողջ ծանրությունը, որքան շատ է ժողովրդի ատելությունը իշխանության կողմից կատարած անօրինականության ու հանցագործության շնորհիվ»:
Ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանն էլ ասաց. «Այստեղ խուլիգան չկա»: Նա պահանջեց արդարացնել, քանի որ իրենք խուլիգան չեն: