Վարդան Վարդանյան. «Պառլամենտը իրա քֆուր անողներն ունի, մենք էլ մեր քֆուր անողներն ունենք» (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների բողոքի քննությունը: Ամբաստանյալ Վարդան Վարդանյանը, դիմելով դատավորներին, հետաքրքրվեց` արդյոք նրանք հիշո՞ւմ են դեպք, երբ անձը հագնի զինվորական համազգեստ, իր մեդալները և գնալ խուլիգանություն անելու:
«Ինձ համար շատ վիրավորական է, որ ինձ խուլիգան են անվանում, երբ իսկական խուլիգանները, խուլիգաններ չէ, ավելի վատերը նստած են վերևներում, զակազներ են տալիս, ու շատ վիրավորական է, որ ներքևներում այդ զակազները սուս ու փուս կատարում են, որովհետև մեկ ժամվա ընթացքում 134 թերթ դատավճիռ գրելը պարզապես ֆիզիկապես անհնար է: Այսինքն՝ այդ դատավճիռը: Այսինքն՝ այդ դատավճիռը գրած, գլխանց դարակում դրված էր, այդ օրը մնում էր միայն հանել ու հրապարակել վերջին մասը: Ժամը 6-ին դատն ավարտեց, 7-ին, 7:15 սկսեց կարդալ: 134 էջ…: Մեկ շաբաթ անհրաժեշտ է դա համակարգչով հավաքելու համար»,- ասաց ամբաստանյալը:
Նա ասաց, որ անզեն աչքով էլ երևում է, որ սա սաքրած գործ է. «Մեր պայքարը եղել է համակարգի դեմ, մեր պայքարը եղել է ռուսական ստրկությունից ազատվելու դեմ, մեր պայքարը եղել է նրա դեմ, որ Լենինականում նման բան չլինի»:
Նա ասաց, որ իրենք դեմ են այն համակարգին, որը չհայտնաբերեց հանցագործության մեջ կասկածվողին, չի կարողանում նրան «առնել ռուսների ձեռքից»: Նա հետաքրքրվեց, թե արդյոք Գյումրիում իրենց բողոքն արտահայտողներին է՞լ են խուլիգան անվանելու:
Դատավորի դիտարկմանը, թե դա այս գործի հետ կապ չունի, ամբաստանյալն արձագանքեց. «Մեծ կապ ունի: Բա դա մեր բոլորի գործն է: Նախագահից բռնած, որ ոչ մի բան չի անում, մինչև ձեր գործը, որ այստեղ դատում եք: Ես չեմ կարող հանգիստ լինել, իմ երկիրն աչքիս դեմը կործանվում է»:
Դատավորն ամբաստանյալին հորդորեց խոսել բողոքի շրջանակում: «Ախր, ո՞ւմ բողոքեմ: Ձե՞զ բողոքեմ: Այն դարակում դրված է իմ պրիգավորը: Ձեզ ի՞նչ ասեմ ես: Ւնչ էլ ասեմ, չի լինելու: Այնտեղ ասացի, չանցավ, այստեղ եմ ասում, վաղը վճռաբեկում եմ ասելու, հետո՝ Եվրոդատարանում եմ ասելու: Ո՞ւմ ասեմ: … Կա՞ այստեղ կարգին մարդ, որ ասեմ»:
Նա դատավորին կոչ արեց բերել НВД-ի այն վեց աշխատակիցներին, որոնք իրենց «մեջ էին մտել»: «Գնացեք այդ ռուսին բերեք: Վեց հոգու փրթել է, նախագահը մի հատ ծպտուն չհանեց, բայց իմ համար ասում է՝ խուլիգան է, բա ինչպե՞ս դրան չասեմ…»,- ասաց ամբաստանյալը, ում խոսքը շարունակեց Շանթ Հարությունյանը:
Վարդան Վարդանյանն էլ ասաց. «Պառլամենտը իրա քֆուր անողներն ունի, մենք էլ մեր քֆուր անողներն ունենք»: Շանթ Հարությույանն էլ արձագանքեց. «Պառլամենտում երկուսն են, երկու հոգի էլ այստեղ ունենք: Այնտեղ Սեյրանն ու Շմայսն են, ստեղ էլ՝ ես ու Վարդանն ենք: Ամեն տեղ իրա երկու քֆուր անողներն ունի»: Նրան շարունակեց Վարդան Վարդանյանը՝ կատակելով, որ դրանցից մեկը պարտադիր պետք է զինվորական լինի: