
«Ամերիաբանկը» ձեռք է բերել «Նորվիկ» ՈՒՎԿ-ի վարկային պորտֆելի մի մասը

Ամերիաբանկը համալրել է ակտիվների կազմը` ձեռք բերելով վարկային պորտֆել: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ-ի փոխհամաձայնության պայմաններում վերջինս Ամերիաբանկին է զիջել իր վարկային պորտֆելի մի մասը: Այս մասին տեղեկացնում է Ամերիաբանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
168.am-ը երկու օր առաջ գրել էր, որ «Ամերիաբանկը» ձեռք է բերել «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը: Մասնավորապես, ընկերության հաճախորդները մեզ հայտնել էին, որ դեռ անցած տարվա դեկտեմբերին ՈՒՎԿ-ից հաղորդագրություն են ստացել, որ վարկային մարումներն իրականացնեն «Հայէկոնոմբանկում», այնուհետև տեղեկացվել են, որ կազմակերպությունը վաճառվել է «Ամերիաբանկին»:
Սակայն «Ամերիաբանկից» հերքել էին լուրը և հայտարարել, որ ընկերությունը ձեռք չի բերել «Նորվիկ» ՈՒՎԿ-ն, իսկ նման գործարքի դեպքում բանկն ինքը հայտարարություն կտարածեր:
«Նորվիկ»-ում հեռախոսազանգին պատասխանած աշխատակցուհին ևս հերքել էր, որ ՈՒՎԿ-ն վաճառվել է «Ամերիաբանկին», սակայն որևէ այլ պարզաբանում չէր տվել և ասել էր, որ ղեկավարությունից ոչ ոք տեղում չէ: