Ինչ է սպասվում Պերմյակովին

«Դատախազությունը սխալ է ասում: Եթե անձը Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն է կատարել՝ անկախ իր քաղաքացիությունից, և ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, իրեն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու խնդիր չկա: Ինքը գտնվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, և իր վերաբերյալ գործը պետք է քննվի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից: Այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից մեր իրավապահ մարմիններին հանձնելու խնդիր չկա: Եթե, ընդունենք, իրեն հայտնաբերեին, ձերբակալեին Հայաստանում գործունություն իրականացնող Ֆրանսիայի  ոստիկանները, մենք հո՞ չէինք դիմի ֆրանսիացիներին՝ իրեն պահանջեինք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ խոսելով ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մասին, թե Վալերի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո և նրան ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության:

nikolay«Իրենց հաղորդագրությունից, օրինակ, ինձ համար բխում էր այն, որ իրենք ճիշտ չեն ընկալել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործում Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը: Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը գործում  է Ռուսաստանի Դաշնությունում, Իտալիայի Սահմանադրությունը՝ Իտալիայում, իսկ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենսդրությունը: Մեր տարածքում ինչ-որ մեկը չի կարող ղեկավարվել իր պետության Սահմանադրությամբ:

Այլ բան է, եթե տվյալ անձը, ով մեղադրվում է հանցագործության կատարման մեջ, հայնաբերվեր Ռուսաստանի Դաշնությունում: Այդ դեպքում Ռուսաստանի իշխանությունները լիովին հնարավորություն կունենային ասելու, որ իրենց Սահմանադրության համաձայն՝ իրենք իրավունք չունեն նրան հանձնել: Մեր իշխանություններն էլ պետք է ասեին, որ դա իրականում այդպես է:

Բայց տվյալ դեպքում՝ ստացվում է, որ եթե Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետության քաղաքացին հանցագործություն է կատարում, ինքը կարող է դիմել իր ոստիկանության աշխատակիցներին և ասել՝ եկեք, ինձ այստեղից տարեք: Դա դուրս է իրավական համակարգից: Բացի դա՝ մենք ունենք մի քանի նախադեպային որոշումներ: Այլ անձանց գործերը, երբ նույն զորամասի ծառայողները մարդ են սպանել, ինչո՞ւ են քննել մեր դատարանները: Ինչո՞ւ են այն ժամանակ մեր դատարաններն անօրինական որոշումներ կայացնում: Ինչո՞ւ այն ժամանակ չէին դիմում հանձնման հետ կապված»,- շարունակեց փաստաբանը:

Մեր հարցին, թե նշված իրավիճակում ո՞րն է ելքը, փաստաբանը պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե ով է ելք փնտրում. «Եթե ես լինեի Հանրապետության նախագահը, սահմանները կփակեի ու այս պահին էլ հրաման կտայի համապատասխան մարմիններին, որ կազմակերպեն այդ մարդուն մեր իրավապահ մարմիններ բերման ենթարկելու համար: Եթե իմ պետության ներսում անձը հանցագործություն է կատարել, ես ունեմ սուվերեն իրավունքներ, իմ պետության ներսում հայտնաբերվել է հանցագործություն կատարած անձը, գտնվում է իմ պետության տարածքում, ես իմ իրավապահ մարմիններին կհանձնարարեմ, որ գնան, այդ մարդուն բռնեն, բերեն իմ իրավապահ մարմիններ»:

Mushex ShushanyanՓաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ մեզ հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է լինի Հայաստանում հարուցված քրեական գործի ճակատագիրը և ինչպե՞ս պետք է լուծվի Վալերի Պերմյակովի խափանման միջոցի հարցը, ասաց, որ երեկ դատախազության կողմից տարածված հաղորդագրության պայմաններում կանխատեսել, կանխորոշել, թե ինչ է լինելու արդեն իսկ հարուցված քրեական գործի ճակատագրի և դրա շրջանակներում կասկածյալի կալանքի և այլ հարցերը, հնարավոր չէ:

«Միանշանակ է, որ գործը ենթակա է քննության Հայաստանի իրավապահ մարմինների կողմից, բայց չգիտես՝ ինչից ելնելով որոշվել է, որ Ռուսաստանի մարմինները պետք է քննեն գործը: Խոսքը մի քանի հանցանքների մասին է. առաջինը՝ ծառայության վայրը ինքնաձիգով լքելը, հստակ է, որ դա Ռուսաստանի համապատասխան զինվորական մարմինների քննությանը ենթակա գործ է: Ինչ վերաբերում է բուն սպանությանը, այստեղ ևս հստակ է, որ սպանության գործի քննությունը պետք է կատարվի Հայաստանի իրավապահ մարմինների կողմից»,- ասաց փաստաբանը՝ իրավական աբսուրդ որակելով ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունը:

Նրա խոսքով՝ հաղորդագրության մեջ վկայակոչվել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության համապատասխան հոդվածը, որը ոչ մի կապ չունի այս դեպքի հետ. «Քաղաքացին Ռուսաստանի Դաշնության տարածքում չի գտնվում, որ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը արգելի այդ քաղաքացուն հանձնել մեկ այլ պետությանը: Այդ քաղաքացին գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում»:

Փաստաբանի խոսքով՝ իր համար միանշանակ չէ, որ Վալերի Պերմյակովը հայ-թուրքական սահմանի մոտակայքում է հայտնաբերվել և ձերբակալվել: «Բայց անգամ եթե այդպես է, և նա ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից, ապա իրեն պետք է հանձնեին Հայաստանի իրավապահ մարմիններին»,- եզրափակեց Մուշեղ Շուշանյանը:

Հավելենք, որ քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ այսօր որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի այդ հոդվածը որպես պատիժ նախատեսում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

 

Տեսանյութեր

Լրահոս