
ՀԲ վերլուծաբանների գնահատականով՝ խոցելի են Հայաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի և Տաջիկստանի տնտեսությունները

2014 թ-ին համաշխարհային տնտեսական աճի կտրուկ դանդաղումից հետո 2015-ին այն չափավոր կերպով կվերականգնվի: Համաշխարհային բանկի այսօր հրապարակված զեկույցում նշվում է, որ զարգացող երկրների տնտեսությունը 2015-17թթ. կաճի մոտ 3.5 %, բայց ըստ երկրների ցուցանիշների զգալի տարբերություն կլինի:
ՀԲ-ի վատագույն կանխատեսումը Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ է՝ աշխարհաքաղաքական լարվածության, պատժամիջոցների և նավթի գների անկման պատճառով: Ըստ այդմ՝ 2015 թ-ին ՌԴ ՀՆԱ-ն կնվազի 2.9%-ով: Այս տարի 2.3%-ով կնվազի նաև Ուկրաինայի ՀՆԱ-ն:
ՌԴ-ում տիրող իրադրության պատճառով, ՀԲ վերլուծաբանների գնահատականով, խոցելի են Հայաստանի, Ղրղզստանի, Մոլդովայի և Տաջիկստանի տնտեսությունները: Գյուղատնտեսական ապրանքների, մետաղների, հումքի գների անկումը, ինչպես ակնկալվում է, կնվազեցնի առևտրաշրջանառությունը: ՀԲ կանխատեսմամբ՝ Հայաստանում այս տարի ՀՆԱ-ն կաճի 3.3%-ով, 2016-ին՝ 3.7%-ով, 2017-ին՝ 4.1%-ով:
Հիշեցնենք, որ 2015 թ. բյուջեի հիմքում ՀՀ կառավարությունը դրել է ՀՆԱ 4.1 % աճի կանխատեսում: