Պետք է սովորենք ապրել էներգակիրների ցածր գների պայմաններում. Մեդվեդև
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը պետք է սովորի գործել էներգակիրների ցածր գների պայմաններում.
«Իշխանությունները պարզապես չեն նստելու ու սպասելու, թե երբ կբարձրանան նավթի գները: Մեր տնտեսությանը ներկայացվող պահանջներն ու պայմանները դառնում են սկզբունքային այլ: Պետք է բարձրացնել նախագծերի որակը, թեև ռուբլու թուլացման ու թանկացող ներկրման պայմաններում դա բարդ է:
Պետք է սովորենք ապրել էներգակիրների ցածր գների պայմաններում: Իշխանությունները չեն պլանավորում սառեցնել ռուբլու փոխարժեքը և հրաժարավել ազգային արժույթի ինքնարժեքի ազատ ձևավորման սկզբունքից, քանի որ դա կնշանակի շուկայի հետևողական կործանում»:
Մեդվեդևն ընդգծել է, որ ի հակադրումն ոմանց ակնկալիքների՝ իշխանությունները չեն պատրաստվում «խժռել» երկրի արժութային պաշարները, սակայն կարող են օգտագործել այդ կուտակումները՝ պետության համար կարևոր ընկերություններին օգնելու համար, որոնք զրկվել են կապիտալի միջազգային շուկայի մուտքից:
Մեդվեդևը հավելել է, որ Ռուսաստանը նախկինի նման ունի զգալի ծավալի ռեզերվներ, որոնք երաշխավորում են պետության կամ ընկերության արտաքին պարտքերի մարումը: