Պրիմակովը ՌԴ իշխանություններին կոչ է արել Դոնբասը միանշանակ ճանաչել որպես Ուկրաինայի տարածք
Ռուսական КоммерсантЪ թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովը «Մերկուրի» ակումբի նախաձեռնած նիստում զեկույց է ներկայացրել երկրում տիրող իրավիճակի շուրջ: Ռուսական քաղաքականության վետերանն իշխանություններին զգուշացրել է զերծ մնալ մեկուսացման փորձերից:
Պրիմակովը հայտարարել է, որ ճգնաժամից Ռուսաստանի դուրս գալը պետք է իրականացվի ապակենտրոնացման, «իրական ֆեդերալիզմի», տնտեսության շուտափույթ դիվերսիֆիկացման, հումքի վրա հենվելուց հրաժարվելու ճանապարհով: Պրիմակովի խոսքերով՝ Ռուսաստանը կորցրել է քառորդ դար՝ այդպես էլ չլուծելով հումքից ունեցած կախվածության հարցը.
«Այժմ երկիրն ունի երկու տարի, որպեսզի գործարկի թեթև արդյունաբերությունն ու զարգացման նախագծերը: Բացի այդ, անհրաժեշտ է ավելի մեծ տնտեսական ինքնուրույնություն շնորհել շրջաններին, վերադարձ կատարել 50-50 հարաբերակցությամբ կենտրոնի ու շրջանների միջև եկամուտների բաշխման սկզբունքներին»:
Պրիմակովը հայտարարել է, որ Ռուսաստանում գոյություն չունի «գունավոր հեղափոխության» վտանգ, ինչի համար էլ Ռուսաստանն արտաքին քաղաքական ոլորտում չպետք է փակվի Արևմուտքի համար՝ անգամ պատժամիջոցների առկայության դեպքում:
Պրիմակովը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել Ուկրաինայի հարավ-արևելքը միանշանակ ճանաչել որպես Ուկրաինայի տարածք և հետագա բանակցությունները վարել այդ դիրքերից: Նրա խոսքերով՝ Ղրիմը չպետք է այդ բանակցություններում վերածվի մանրադրամի:
Պրիմակովը կարծում է, որ Ռուսաստանն ահաբեկչության ու թմրանյութերի տարածման դեմ պայքարի ոլորտում պետք է համագործակցի ԱՄՆ-ի, Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի հետ. «Առանց դրա՝ մենք կկորցնենք մեր երկիրը՝ որպես գերտերություն»: