Երեխայի առողջական վիճակը բարելավվում է

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժնմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: Բժշկական կենտրոնում  հրավիրված երկրորդ բժշկական կոնսիլիումից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ  դրական տեղաշարժ են ապահովել կատարված բոլոր միջոցառումները`  բժշկական միջամտությունները և հետազոտությունները:

«Երեկոյան դրական տեղաշարժը ավելի նկատելի կլինի: Ժամանակի խնդիր է: Փոքրիկի առողջական վիճակը մեր հսկողության ներքո  է: Երեխան պետք է ապրի»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով, մասնագետները ճշգրիտ են գնահատել փոքրիկի  հետշոկային վիճակի հետևանքով առաջացած  խնդիրները, ինչպես նաև մշակել, հստակեցրել են նրա բուժման համար անհրաժեշտ  միջոցառումները:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ բժիշկներն ամեն ժամ և վայրկյան կատարում են իրավիճակի վերլուծություն, որը հնարավորություն կտա ապագայում կատարել առողջական վիճակի վերաբերյալ կանխատեսումներ:

«Դեռևս երկարաժամկետ կանխատեսումներ անելը վաղ է, սակայն  Գյումրիի Ավստրիական բժշկական կենտրոնում ցուցաբերվել է անհրաժշետ բժշկական օգնություն»,- հայտնեց Դալլաքյանը:

Նա  նշեց, որ Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների մասնակցությամբ անցկացված կոնսիլիումի ընթացքում  վերլուծվել են բոլոր  հետազոտությունները, տրվել են մասնագիտական  գնահատականներ` հետագա աշխատանքները և  բուժումը առավել արդյունավետ  շարունակելու համար:

Տեսանյութեր

Լրահոս