Ավետիք Իշխանյան. Իսկ ինչո՞ւ Հրաչյա Հարությունյանի գործով դատավարությունը տեղի չունեցավ Հայաստանում

Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում՝ նկատի ունենալով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության: Այս մասին նշված էր ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝  Գյումրիում 6 անձանց սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ «նույնն է՝  ՌԴ իրավազորության ներքո»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը 168.am-ի հետ զրույցում կարծիք հայտնելով ՀՀ գլխավոր դատախազության վերոնշյալ հաղորդագրության մասին՝ ասաց. «Անկեղծ ասած՝ ինձ համար բավական զարմանալի է: Ես այդքան տեղյակ չեմ այդ օրենքներին, բայց պարզ բանականությունը թելադրում է, որ եթե հանցագործությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա պետք է գործի Հայաստանի օրենսդրությունը, և հանցագործը պետք է պատժվի Հայաստանի օրենսդրությամբ: Այլ խնդիր կլիներ, եթե հանցագործությունը տեղի ունեցած լիներ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի բազայի տարածքում (Վալերի Պերմյակովը Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմական բազայի ժամկետային զինծառայող է,- Օ. Հ.): Այդ դեպքում հավանաբար այս հաղորդագրությունը իմաստ կունենար: Բայց տվյալ դեպքում, համոզված եմ, որ սա բացարձակապես օրենքից չի բխում: Ի՞նչ է դա նշանակում»:

Ավետիք Իշխանյանը հարց հնչեցրեց, թե ինչու Հայաստանի Հանրապետությունում տեղի չէր ունենում Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարի մասնակից Հրաչյա Հարությունյանի գործով դատավարությունը. «Ես պարզապես չեմ հասկանում, թե ինչ մոտեցում է սա: Ես սա կարող եմ այսպես գնահատել՝ հերթական նվաստացումը Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետությանը»:

Vigen QocharyanԵրևանի Պետական Համալասարանի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը մինչև ՀՀ գլխավոր դատախազության կողմից հաղորդագրության տարածումը, պատասխանելով մեր հարցին, թե ո՞ր երկիրը պետք է քննի տեղի ունեցածի առթիվ հարուցված քրեական գործը՝ հաշվի առնելով, որ ռուսական կողմը քրեական գործ էր հարուցել դասալքության փաստի առթիվ, ասաց. «Նշված հարցերը կարգավորվում են համապատասխան միջպետական համաձայնագրերով, և համաձայն դրանց՝ քննությունը պետք է անցկացվի Հայաստանի համապատասխան մարմինների կողմից: Այդ համաձայնագրերը նախատեսել են նաև որոշակի բացառություններ. համապատասխան համաձայնագրի մեջ երեք դեպք է նախատեսված: Այստեղ հարցը փաստորեն կայանում է նրանում, թե ինչպես կմեկնաբանվի իրավիճակը և արդյոք եղած իրադարձությունները կփորձե՞ն տեղավորել այդ կետերից մեկի մեջ: Դա մեկնաբանության խնդիր է, բայց ընդհանուր առմամբ այդ համաձայնագրերից բխում է, որ համապատասխան քննությունը, դատավարությունը պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության համապատասխան իշխանությունների կողմից»:

Մեր հարցին՝ արդյո՞ք երկու գործերը պետք է քննվեն մեկ վարույթում Հայաստանի իրավապահ մարմինների կողմից, նա պատասխանեց. «Փաստորեն եղած համաձայնագրերը դա են հուշում՝ չնայած կարող են նաև տարբեր մեկնաբանություններ լինել»:

Դատախազության կողմից հաղորդագրության տարածումից հետո էլ Վիգեն Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փաստորեն այդ ուղղությամբ է մեկնաբանվել. «Ինձ թվում է՝ երկու կողմերն էլ կապահովեն անհրաժեշտ համագործակցությունը: Ինձ թվում է՝ այստեղ կարևորը կայանում է նրաում, որ հանցագործը ստանա իր արժանի պատիժը, ինչն էլ, ես կասկած չունեմ, որ կապահովվի՝ անկախ նրանից, թե համապատասխան քննչական գործողությունները և այլ ընթացակարգային հարցերը ում կողմից կամ ինչ կարգով կլուծվեն»:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն էլ լրագրողների հետ զրույցում այսօր (մինչև դատախազության հաղորդագրության տարածումը) հայտնել էր. «Ռուսաստանի Դաշնության զինվորական դատախազության բարձրաստիճան ներկայացուցիչները, ովքեր գտնվում են այստեղ, իրենց նախնակա կարծիքն այն է, որ ճիշտ և օբյեկիվ և արդարացի կլինի, որ նախաքննությունն իրականացնի հայկական կողմը»:

Նշենք, որ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել էր ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ: Դեպքի վայրում հայտնաբերվել էին ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, զինվորական կոշիկներ, որոնք, ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության, պատկանում են Վալերի Պերմյակովին: Վերջինս հայտնաբերվել էր երեկ գիշերը, ըստ պաշտոնական վարկածի՝ հայ-թուրքական սահմանին:

Նշենք, որ իր հաղորդագրության մեջ դատախազությունը նաև նշել էր. «Քննությունը վարում են ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինները: Քննությունն իրականացվելու է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմիների ակտիվ իրավական փոխգործակցությամբ: Հայկական կողմը  հետևողական է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթարկվեն պատասխանատվության»:

 

Տեսանյութեր

Լրահոս