Մարգվելաշվիլին Սաակաշվիլուն կոչ է արել վերջ դնել քաղաքական խաղերին
Российская Газета-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն առաջարկել է չշահարկել երկրի անվտանգության ու արտերկրում տարվող ռազմական գործողություններին նրա քաղաքացիների մասնակցության հարցերը.
«Վրացական պետությունը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այնպիսի հարցերի, ինչպիսիք են գլոբալ անվտանգությունը: Վրացի զինվորները հերոսաբար ծառայում են Աֆղանստանում ու ԿԱՀ-ում տարվող միջազգային առաքելություններում: Մեզ համար այնտեղ նրանց գտնվելն անգին է:
Դրա համար էլ նախկին նախագահին խնդրում եմ վերջ դնել քաղաքական խաղերին՝ կապված Վրաստանի ռազմավարական անվտանգության հարցերի հետ: Կան այլ թեմաներ, որոնցով կարող է զբաղվել Սաակաշվիլին՝ չվնասելով պետականության շահերը»:
Մարգվելաշվիլին ընդգծել է, որ երկրի համապատասխան ծառայություններն ակնդետ հետևում ու վերլուծության են ենթարկում Սիրիայի մարտերին վրացիների մասնակցության հարցը:
ԱՄՆ-ում գտնվող Սաակաշվիլին նախօրեին քննադատել էր Վրաստանի իշխանություններին՝ հայտարարելով, որ նրանք հանգիստ հետևում են նրան, թե ինչպես են Վրաստանի քաղաքացիները համալրում «Իսլամական պետության» շարքերը, սակայն դրա հետ մեկտեղ նյարդային ձևով են արձագանքում Ուկրաինայում վրացի կամավորների ներկայությանը:
Տարբեր տվյալներով՝ «Իսլամական պետության» շարքերում ռազմական գործողություններին մասնակցում է 50-100 վրացի, որոնք հիմնականում Պանկիսի կիրճի շրջանի բնակիչներ են: