
Հայաստանի քաղաքացիներն աշխատանքային իրավունքի ոլորտում փաստացիորեն հավասարեցվել են ՌԴ-ի քաղաքացիներին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանը հունվարի 2-ին դարձել է ԵՏՄ-ի լիիրավ անդամ, Հայաստանը ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը ստորագրել է 2014 թվականի հոկտեմբերին, փաստաթուղթն արդեն իսկ վավերացրել են Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի խորհրդարանները:
Այժմ Հայաստանի քաղաքացիները փաստացիորեն հավասարեցվել են Ռուսաստանի քաղաքացիներին՝ կապված աշխատանքային իրավունքի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարությունը.
«Հայաստանի քաղաքացիները հայ-ռուսական երկկողմ համաձայնագրի հիման վրա 30 օրվա ընթացքում միգրացիոն հաշվառում անցնելուց ազատվելու հետ մեկտեղ աշխատանքի իրավունքի հարցում փաստացիորեն հավասարեցվել են Ռուսաստանի քաղաքացիներին:
Գործատուներն իրավունք ունեն Հայաստանի քաղաքացիներին աշխատանքային գործունեության մեջ ներառել առանց հաշվի առնելու աշխատանքի ազգային շուկայի սահմանափակումները: Ընդ որում՝ հայ աշխատավորներից չի պահանջվում Ռուսաստանում աշխատանքային գործունեություն իրականացնելու թույլտվություն:
Ռուսաստանում ճանաչվում են նաև Հայաստանում տրված կրթական փաստաթղթերը: Արտասահմանյան անձնագրերով Ռուսաստան մուտք գործող Հայաստանի քաղաքացիները, 30 օրից ավելի ժամկետով Ռուսաստանում չմնալու դեպքում, ազատվում են միգրացիոն քարտը լրացնելու անհրաժեշտությունից:
Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների ժամանակավոր մնալու ժամկետը հստակեցվում է գործատուի հետ կնքած աշխատանքային կամ քաղաքական-իրավական պայմանագրի գործողություններով»: