
Պուտինը հունվարին չի մեկնի Լեհաստան. Պեսկով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 27-ին չի մեկնի Լեհաստան, ուր նշելու են Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը.
«Նախագահի գրաֆիկում չկա այդպիսի այց»: Պեսկովն ընդգծել է, որ Պուտինը չի ստացել տվյալ միջոցառմանը ներկա գտնվելու պաշտոնական հրավեր: Պեսկովի խոսքերով՝ Պուտինը չափազանց մեծ կարևորություն է տալիս Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված բոլոր միջոցառումներին:
2014 թվականի նոյեմբերի 18-ին հաղորդվել էր, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեման Վլադիմիր Պուտինին հրավիրել էր Պրահա՝ մասնակցելու Օսվենցիմի ազատագրման 70-ամյակի կապակցությամբ միջոցառմանը, սակայն վերջին շրջանում Զեմանը սկսել է սուր քննադատության ենթարկել Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը: