
Ուզբեկստանը երբեք չի մտնի ԽՍՀՄ-ի նման կառույցի մեջ. Իսլամ Կարիմով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը, ելույթ ունենալով երկրի խորհրդարանի ստորին պալատում, հայտարարել է, որ Ուզբեկստանը երբեք չի մտնի ԽՍՀՄ-ի նման կառույցի մեջ և չի վերադառնա ԽՍՀՄ-ի ժամանակները:
Այս մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Կարիմովը հայտարարել է. «Մենք ունենք զարգացման մեր ուղին, որը համապատասխանում է ժողովրդի ձգտումներին: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ չի լինի վերադարձ դեպի այդպիսի անցյալ:
Ուզբեկստանը երբևէ չի մտնի ԽՍՀՄ-ի նման միավորման մեջ: Ներկայումս մի շարք երկրներում փորձ է ձեռնարկվում՝ վերադարձ կատարելու համար միութենական պետության խորհրդային հին համակարգին:
Օտար մի շարք հեռուստաալիքներով ընդգծվում են լենինյան ու ստալինյան ժամանակների, ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանի ոգեշնչող փաստեր: Մեզ համար անընդունելի է այդ մոտեցումը»:
Կարիմովը վերստին հիշեցրել է, որ Ուզբեկստանը թույլ չի տա իր տարածքում օտար ռազմաբազաների ու օբյեկտների տեղակայում, ինչը նախատեսված է 2012 թվականին ընդունված Ուզբեկստանի արտաքին քաղաքականության գործունեության հայեցակարգով: