Վալերի Պերմյակովն ընդհանուր առմամբ ընդունել է, որ արարքը ինքն է կատարել. քննչական կոմիտե
Գյումրիում 6 հոգու սպանության գործով ենթադրյալ կասկածյալ Վալերի Պերմյակովն այս գիշեր հայտնաբերվել է, նա հարցաքննվել է: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի հետ համատեղ կատարվել են քննչական գործողություններ, տեղում է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Վալերի Պերմյակովն ընդհանուր առմամբ ընդունել է, որ արարքը ինքն է կատարել:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում հայտնաբերվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝Ավետիսյան Սերյոժա Կարապետի, Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի, Ավետիսյան Աիդա Սերյոժայի, Ավետիսյան Արմեն Սերյոժայի, Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի, Ավետիսյան Հասմիկ Արմենի:
Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ նախնական տեղեկություններով՝ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, 06-ի սահմաններում, իսկ մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետևանքով։