Պորոշենկոն հաստատել է Ուկրաինայի կայուն զարգացման ռազմավարությունը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է «Ուկրաինայի կայուն զարգացման ռազմավարությունը»: Փաստաթուղթը հստակեցնում է մինչև 2020 թվականը երկրի զարգացման առաջնահերթ ուղղությունները:
Ռազմավարությունն իրենում ներառում է 62 բարեփոխում, ինչպես նաև երկու ծրագիր՝ էներգոանկախություն ու համաշխարհային տեղեկատվական տիրույթում երկրի շահերի առաջ տանում: Բացի այդ, հստակեցվել են երկրի զարգացման հաջողության 25 առանցքային ցուցանիշները:
Առաջնահերթ են համարվել ազգային անվտանգության ու պաշտպանության համակարգի բարեփոխումը, իշխանության թարմացումն ու հակակոռուպցիոն բարեփոխումը, դատական ու իրավապահ համակարգի բարեփոխումները, պետական կառավարման բարեփոխումն ու ապակենտրոնացումը, ձեռնարկատիրության զարգացումը, առողջապահության համակարգի բարեփոխումն ու հարկային բարեփոխումը:
Պլանավորված է, որ հաջորդ հնգամյակում Ուկրաինայում կարվեն 40 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով ներդրումներ: Բյուջեում ազգային անվտանգության ու պաշտպանության ոլորտում ծախսերը չպետք է գերազանցեն ՀՆԱ-ի 3 տոկոսը (2014 թվականի ռազմական գործողությունների պատճառով Ուկրաինայի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը):