Բաժիններ՝

Հայաստանում երիտասարդների մոտ ամենաբարձրը մտավոր անկախության ցուցանիշն է

Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կազմում գործող Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտության շրջանակներում իրականացվել է երիտասարդների անկախության համաթվի (ինդեքսի) չափում: Երիտասարդների անկախության ցուցանիշը ներառում է չորս հիմնական բաղադրիչներ` ֆինանսական, տնտեսական, մտավոր և կենցաղային անկախություն:

Ֆինանսական անկախությունը ցույց է տալիս, թե որքան է երիտասարդը կարողանում ֆինանսապես հոգալ ընտանիքում առաջին անհրաժեշտության ծախսերը։ Ըստ հարցման՝ երիտասարդների ֆինանսական անկախությունը բավականին ցածր է․ հարցվածների շրջանում ֆինանսական անկախության միջին ցուցանիշը կազմել է 0,3բալ ([0-1] սանդղակի համար):

Տնտեսական ակտիվությունը ցույց է տալիս երիտասարդի զբաղվածության ոլորտում ներգրավվածությանն ուղղված գործունեության ինտենսիվությունը։ Տնտեսական ակտիվությունը ենթադրում է երիտասարդի կողմից տնտեսական հարաբերություններում ներգրավվելու նրա ջանքերը: Այս ցուցանիշն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է հասկանալ երիտասարդի զբաղվածությունը և զբաղվածությամբ ներգրավվածությունը կամ զբաղված լինելուն ուղղված նրա ջանքերը: ՀՀ երիտասարդները դրսևորում են բավականին ցածր տնտեսական ակտիվություն՝ տնտեսական համաթվի միջին արժեքը կազմել է 0,29 բալ:

Կենցաղային անկախությունը ենթադրում է երիտասարդների կողմից սեփական սննդի, հագուստի և հիգիենայի պարագաների ընտրություն, գնում, նախապատրաստում: Միջինը հավասար է 0,47-ի: Կենցաղային անկախությունը ավելի համասեռ է՝ համեմատած ֆինանսական և տնտեսական բաղադրիչների հետ։

Մտավոր ինքնուրույնությունը մարդկային այն արժեքներն են, որոնք բնութագրում են անձի ուղղվածությունը գործել՝ հիմնվելով իր սեփական ուժերի վրա, ստեղծագործ նորարարական լուծումների վրա։ ՀՀ-ում մտավոր անկախությունը բոլոր անկախության բաղադրիչների հետ համեմատած ամենաբարձրն է․միջին արժեքը կազմում է 0,57: Ընդ որում՝ մտավոր անկախությունը այդքան սերտորեն կապված չէ ֆինանսական և տնտեսական ցուցիչների հետ, ցուցիչների միջև կապը թույլ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս