Բաժիններ՝

Հրամանատարներին նախահարձակ լինելու ազատություն կտրվի. Ս. Օհանյանը 7 կետից բաղկացած հրաման է մշակել. tert.am

Հունվարի առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված են կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար. այսօր Կ.Դեմիրճյանի անվան համալիրում հրավիրած խորհրդակցությանն այս մասին հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Այս մասին գրում է tert.am-ը:

«Պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավում, դիտարկման համակարգի կատարելագործում, պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնենք, պարապմունքներ անցկացնենք բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ հակառակորդի պատժում իրականացնենք և որոշ դեպքերում նախահարձակ լինենք՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը: Մենք պետք է ունենանք կանոնավոր գործելու ընդունակություններ. պատրաստի հակահարվածները ու պատժիչ միջոցները մշտապես պետք է մեր ձեռքում լինեն»,-ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ գումարտակի ու վաշտի հրամանատարները, ուսումնասիրելով հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, նրա հնարավոր հարձակման ուղղությունները, ինքնուրույն կմշակեն գործելու ու հակառակորդի գործողությունները կանխարգելելու պլաններ:

«Բոլորին կոչ եմ անում տալ հրամանատարներին այդ ազատությունը»,-ասաց նախարարը:

Նախարարն ընդգծեց, որ 2014թ. ուսումնական տարին լարված էր, սակայն միևնույն ժամանակ ընդգծեց, որ բանակում գրեթե 50%-ով կրճատվել են հանցագործությունները, իսկ սկսած պայքարը շարունակվելու է եկող և հաջորդող տարիներին:

«Սա զինված ուժերի հրամանատարների պատասխանատու աշխատանքի արդյունք է, ու շնորհակալ եմ, որ հետամուտ են եղել աշխատանքին: Սահմանին ենք մենք ունեցել լարվածություն, և այս ամենը չէր կարող չանդրադառնալ զինվորների մարտական ոգու, ստորաբաժանումների ընդհանուր բարոյահոգեբանական մակարդակի, զինվոր–հրամանատար հարաբերությունների վրա: Բոլորս էլ գիտենք որ 2014թ. հունվարին, այնուհետև ապրիլին դեպքեր եղան սահմանին, այնուհետև մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը, լարված էին հուլիս-օգոստոս ամիսները, իսկ այնուհետև զորավարժությունների ընթացքում մեր ուղղաթիռի խոցումը: Հակառակորդին բազմապատիկով պատժեցինք և դրանով բարձր պահեցինք բանակի ու ժողովրդի արժանապատվությունը։ Նաև ներքին համախմբման նախադրյալներ ստեղծեցինք»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարը 2014թ. լավագույն զորամիավորում հայտարարեց 3-րդ բանակային կորպուսը, 1-ին գծի զորամասերից 4-րդ պաշտպանական շրջանը, որը հուլիս-օգոստոսյան ամիսներին ամենախիստ ձևով պատժեց հակառակորդին, Նոյեմբերյանի զորամասը, որը որ հենց այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանին հետախուզադիվերսիոն գործողություններ է կատարել ու պատժել է հակառակորդին:

Սեյրան Օհանյանը խոսեց նաև բանակի նկատմամբ հասարակական վերահսկողության կարևորության մասին և ընդգծեց, որ երբ ժողովուրդն ու բանակը միահամուռ են, նրանք անպարտելի են:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս