Բաժիններ՝

Մահացել է Վլադիմիր Կարպովիչը

Հունվարի 8-ին, 87 տարեկան հասակում մահացել է վաստակաշատ գիտնական և մանկավարժ, ՀԽՍՀ Բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետի Հայրապետյանը՝ Վլադիմիր Կարպովիչը, ինչպես իրեն հիշում են և դեռ երկար տարիներ կհիշեն Վ.Բրյուսովի անվան իր գործընկերները և անթիվ-անհամար ուսանողները:

Վ.Հայրապետյանը ծնվել է 1927 թ.  Նախիջևանի ԻԽՍՀ Ջուլֆա քաղաքում, որտեղից 1930 թ. ընտանիքով տեղափոխվել է  Երևան:

Դպրոցական տարիներին ցուցաբերելով փայլուն և բազմակողմանի ընդունակություններ՝ նա դպրոցն ավարտելուց հետո սկզբից ընդունվում է Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտ, իսկ այնուհետև տեղափոխվում է նոր բացված ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ և 1950թ. դառնում վերջինիս առաջին շրջանավարտներից մեկը:

Թե՛ գերազանցության դիպլոմը, և թե՛ դրա հիմքում ընկած խորը ակադեմիական գիտելիքների հարուստ պաշարը կանխորոշեցին Վ.Հայրապետյանի՝ մանկավարժի, գիտնականի հետագա մասնագիտական ուղին: Այդ առաքելությանը նա ծառայել է կես դարից ավելի՝ 1955թ. ԽՍՀՄ ԳԱ Տնտեսագիտության  ինստիտուտի ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց ի վեր:

Կարդացեք նաև

1955թ. սկսած՝ Վ.Հայրապետյանի ողջ աշխատանքային ուղին կապված է եղել Վ.Բրյուսովի ինստիտուտի/համալսարանի հետ,  որտեղ նա աշխատել է սկզբում որպես լաբորանտ, ապա՝ դոցենտ, պրոֆեսոր, տնտեսագիտության ամբիոնի վարիչ, այնուհետև՝ ուսումնական գծով պրոռեկտոր:

Այդ ուղին եղել է առավել, քան բեղմնավոր, բայց ոչ անամպ. իր ողջ կյանքում Վ.Հայրապետյանին ուղեկցել և «խանգարել» է անդավաճան սկզբունքայնությունը՝ թե՛ որպես վարչական աշխատողի, և թե՛ որպես գիտնականի: Որպես գիտնական կայանալով խորհրդային հասարակագիտության կոշտ գաղափարախոսական կապանքների պայմաններում՝ նա վեր էր ակադեմիական կարծրատիպերից: Իր գիտական աշխատություններում և հրապարախոսական հոդվածներում նա առաջ էր քաշում տնտեսագիտական այդ տարիների համար այնպիսի հանդուգն գործնական դրույթներ, որոնց նշանակությունը և արժեքն գնահատելի են դառնում միայն ժամանակակից տնտեսական զարգացումների լույսի ներքո:

Նա մտավորական էր՝ այդ բառի անբիծ իմաստով. այն է` անտարբեր չէր աշխարհում և հատկապես իր կողմից անչափ սիրված Հայաստանում բոլոր իրադարձությունների հանդեպ: Նա  չէր կարող և չէր ուզում լռել, հանդես էր գալիս մամուլում սուր, երբեմն՝ անողոք հոդվածներով և դրանում տեսնում էր իր քաղաքացիական պարտքը:

Նա զուսպ էր, բայց և զգացմունքային, խստապահանջ (առաջին հերթին ամենամտերիմների` իր որդու, երկու դստեր և յոթ թոռների նկատմամբ), միևնույն ժամանակ՝ հոգատար ամենքի հանդեպ: Նա պատվով անցավ կյանքի փոթորիկների միջով և վայելեց իրեն շրջապատող մարդկանց անսպառ սերն ու մնայուն հարգանքը:

Վլադիմիր Կարապետի Հայրապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 11-ին, ժամը 18:00-ին՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 12-ին, ժամը 13:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս