
«Անգամ գիտակցումը, որ տեղյակ էի Վահանի ծանր հիվանդության մասին, չի մեղմում ցավալի կորստի զգացումը». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խոր ցավով տեղեկացա քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին:
Անգամ գիտակցումը, որ տեղյակ էի Վահանի ծանր հիվանդության մասին, չի մեղմում իսկապես լավ ու արժանավոր, հայազգի նվիրյալ զավակի ցավալի կորստի զգացումը: Ցանկացած շահ ստորադասելով պետական շահին, նա լավագույնս ապացուցեց, որ հայազգի քաղաքական գործիչ լինելը ոչ թե նեղ կուսակցական շահերով առաջնորդվելու արվեստ է, այլ գործուն պայքար` հանուն պետության բարօրության, որի վերջնարդյունքը հզոր ու արժանապատիվ Հայաստան ունենալն է:
Վահանը նաև լավ ընկեր էր, ում ներկայությունը միշտ էր սպասված ու ցանկալի բոլոր այն մարդկանց համար, ովքեր ճանաչում էին նրան: Իմ հուշերում նա միշտ կմնա որպես հայրենասեր, բացառիկ հումորով օժտված ու իսկապես ընկերասեր հայ մարդ: Թող Աստված լուսավորի նրա հոգին: Տարոն Մարգարյան, Երեւանի քաղաքապետ:»