Կյանքը մի բան է Վահան Հովհաննիսյանով, մի բան է առանց Վահան Հովհաննիսյանի
Մահացել է մեր ընկերը, իմ ավագ ընկերը, ումից շատ բան ենք սովորել, հայ քաղաքական դաշտի ամենապայծառ դեմքերից մեկը, հայ քաղաքական համակարգի առանցքային դեմքերից մեկը:
Այս մասին նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Գերմանիայում ՀՀ դեսպան, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի մահվանը:
«Շատ դժբախտ օր էր, ճիշտ է, բոլորս էլ գիտեինք, որ Վահանն առողջական խնդիրներ ունի, բայց բոլորս էլ մինչեւ վերջ հույս ունեինք, որ նա կապաքինվի կամ գոնե հիվանդությունը մի քիչ հետ կգնա: Ամեն դեպքում պետք է ասեմ, որ շատ ծանր կորուստ է»,-ասել է նա:
«Երկրի հասարակական-քաղաքական կյանքը մի բան է Վահան Հովհաննիսյանով, մի բան է առանց Վահան Հովհաննիսյանի, որովհետեւ նա հայրենասեր, պրոֆեսիոնալ, հումորով, ընկերասեր, գաղափարական գործիչ էր եւ այն մարդն էր, ում հետ շփվելուց երիտասարդները շատ բան էին սովորում: Ես շատ մեծ ցավ եմ ապրում եւ կարծում եմ, որ մեր բոլոր գործընկերները, ովքեր առնչվել են Վահան Հովհաննեսյանի հետ, մեծ ցավ են ապրում:
Աստված հոգին լուսավորի: Ես տեղյակ եմ, որ մինչեւ վերջին պահը նա իր աշխատանքային պարտականությունները կատարում էր հանուն Հայաստանի: Մեզ էլ իմաստնություն, որպեսզի կարողանանք քարը քարի վրա դնելով հասնել Վահանի երազանքների Հայաստանին»:»,-իր ցավակցական խոսքում ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: