Բաժիններ՝

Անդրե. «2015-ին ուզում եմ վերջապես ամուսնանալ»

ESem.am-ըգրում է. Երգիչ Անդրեն վաղն արդեն կմեկնի Իրան, որտեղ աշխատանքային միջավայրում կդիմավորի Ամանորը: Իրանում նա մի քանի համերգ է ունենալու՝ Ամանորի գիշերը, Սուրբ Ծննդյան օրը և, ամենայն հավանականությամբ, հունվարի 8-ին: ESem.am-ը հետաքրքիր բացահայտումներով նախատոնական զրույց է ունեցել երգչի հետ:

«Այս ճգնաժամային պայմաններում 8 օրվա ընթացքում անսպասելիորեն սպառվեցին բոլոր տոմսերը, և կազմակերպիչները որոշեցին մի քանի համերգ անել: Այնտեղ կլինեմ 13-14 օր ու աշխատանքին զուգահեռ նաև մի փոքր կհանգստանամ, ինձ տուրիստ կզգամ:) Առաջին անգամ չեմ Պարսկաստանում ու այնտեղ շատ ընկերներ ունեմ: Նրանց հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն էլ կունենամ»,- ասաց Անդրեն՝ հավելելով, որ 6 տարի չի հանդիպել իրանաբնակ հայ հանդիսատեսի հետ ու արդեն կարոտ կա:

Երգիչը ոգևորությամբ նշեց, որ քույրը՝ Անուշը, մայրանալուց հետո վերադարձել է աշխատանքի ու կրկին շրջագայելու է իր հետ: «Շատ ուրախ եմ, որ Անուշը գալու է ինձ հետ: Շատ էի զգում նրա կարիքը, ինձ համար մենակ շատ դժվար էր: Որոշեցի Անուշին անակնկալ անել՝ փոքրիկ զարմուհիս՝ Վիկտորյան, ևս գալու է մեզ հետ: Կարծում եմ՝ այդպես Անուշի համար էլ ավելի ճիշտ կլինի»,- հայտնեց նա:

Անդրեն մի փոքր տխրությամբ նշեց, որ ծնողներն այստեղ են լինելու, տատիկը՝ Մոսկվայում, իրենք՝ Իրանում և ամբողջ ընտանիքով չեն դիմավորելու Նոր տարին, սակայն խոստովանեց, որ այդ օրն աշխատանքից հրաժարվելը բիզնես մարդու մտածելակերպ չէ: Ամեն դեպքում եղել են տարիներ, երբ երգչի խոսքով` չի ընդունել շահավետ առաջարկները: «Սա հոգու կանչ է, որ պահին չես ուզում, պիտի չերգես: Լավ է, երբ ես Նոր տարին դիմավորում եմ ընտանիքիս հետ, բայց նաև՝ հանդիսատեսն էլ է դարձել իմ ընտանիքը: Նրանք ինձ շատ մեծ ուժ են տալիս. եթե չլիներ իմ հանդիսատեսը, ես չէի լինի,- շեշտեց երգիչն ու հավելեց,

– Ժամանակին երազում էի երգիչ դառնալ, պարզվեց, որ ես կարող եմ դրանով նաև գումար աշխատել: Սա ինձ համար բիզնես չէ, բայց նաև՝ հոբբի չէ, երկուսը մեկում են: Իր դժվարություններով հանդերձ՝ սա ինձ կյանք է տալիս: Ես 16 տարեկանում ընտրության առաջ էի՝ ընտանի՞քս, թե՞ աշխատանքս, ընտրեցի աշխատանքս ու փախա տանից, որովհետև առանց դրա կյանք չունեմ»:

Վերադառնալով Նոր տարվա թեմային՝ Անդրեն ասաց, որ հավատում է Ամանորի հեքիաթին ու կախարդական գիշերը միշտ երազանք է պահում, քանի որ այն անպայման իրականանում է: «2014-ին երազել եմ, որ հաղթական տարի լինի, այդպես էլ եղավ: Միշտ սիրել եմ Ամանորը: Մանկուց երազանքով սպասել եմ բարձի տակ դրվող նվերներին: Նկատել եմ, որ ծնողներս են դա անում, բայց միշտ սպասել եմ հեքիաթային գիշերվան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հեքիաթներ սիրում է մինչ օրս և ստեղծում է իր հեքիաթը: Ինչ վերաբերում է Ձմեռ պապիկին՝ երգիչն ասաց. «Փոքր ժամանակ բոլորս էլ սիրել ու հավատացել ենք Ձմեռ պապիկին, հիմա Աստծուն եմ հավատում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս