Առողջապահության նախարար. «Նվազում է թանկացած դեղորայքի գինը»
ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հրավիրված ասուլիսին ասաց, որ վերջին օրերին սկսել է նվազել թանկացած դեղորայքի գինը:
«Դեղորայքի գների բարձրացում տեղի ունեցել էր, և մենք նպատակահարմար գտանք այդ բարձրացումների հետ կապված որոշակի պարզաբանումներ ստանալ, որոնք միայն դրամի արժեզրկման հետ չէին կապված: Օրինակ՝ հայկական արտադրության դեղորայքը կապված չէր տարադրամի հետ: Վստահաբար կարող եմ ասել, որ վերջին օրերին կտրուկ նվազել է դեղորայքի գինը և գտնվում է հսկողության ներքո:
Մինչև 10% թանկացած առանձին դեղորայքը ևս պարզաբանումների հետ կապված ներկայացված է մեր համապատասխան ստորաբաժանումներին՝ Դեղագործության վարչությանն ու Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալությանը»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ բուժծառայության գները որևէ հիմնարկում կտրուկ չեն բարձրացել. «Նույնիսկ հունվարի մեկից մեկնարկվող սրտի վիրահատությունների ծրագիրն է քննարկվել և հաշվի է առնվել այն, որ որոշ պարագաներ բերվում են դրսից, և հնարավոր է՝ կապված լինեն տարադրամի փոփոխության հետ. անգամ նվազեցման տենդենց կա այստեղ:
Այսինքն՝ մենք պայմանավորվել ենք, որ ուղղակի պարզաբանման անհրաժեշտություն են ունենալու այն ծառայությունների գների փոփոխությունները, որոնք սոցիալական պատասխանատվություն են պահանջում»: