Ինչո՞ւ Պուտինը չնշեց Հայաստանի ռուսական ռազմաբազան` ըստ Սերգեյ Մինասյանի

Ինչո՞ւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարեվերջյան մեծ ասուլիսում չհիշատակեց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան, երբ խոսում էր արտերկրում տեղակայված ռուսական զորքերի մասին:

168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով այս հարցը` Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասաց, որ իր կարծիքով` Պուտինը խոսել է մի փոքր այլ համատեքստում` անդրադառնալով այն ռազմաբազաներին, որոնք խնդիր ունեն իսլամիստական, ահաբեկչական օջախների հետ:

«Չեմ կարծում, որ Հայաստանի ռազմաբազան այս պահին իսկապես լուրջ վտանգ ունի, բայց, ասենք, Ղրղզստանում իսլամիստական շարժումներ կան, խնդիրներ կան, դա իսլամիստական երկիր է և այլն: Ես այդ ձևով հասկացա»,- նշեց նա:

Մեր խնդրանքով Սերգեյ Մինասյանն իր կարծիքը հայտնեց նաև ասուլիսից հետո տարածված այն մեկնաբանությունների մասին, որ Պուտինը դիտավորյալ չի նշել Հայաստանի ռազմաբազան, որովհետև նա ընդհանրապես Հայաստանը չի համարում անկախ պետություն:

«Եթե մարդիկ նման մոտեցում ունեն, ապա կմնան իրենց համոզմանը անկախ նրանից` Պուտինը կասեր, թե չէր ասի: Կարելի է մտածել, որ Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը կամ երբեք էլ չի ունեցել կամ`վաղը Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության կգան ու կծախեն Հայաստանը: Ես համաձայն չեմ այդ երկու կարծիքների հետ էլ, բայց նաև կարծում եմ, որ եթե մարդիկ այդպես են մտածում, նրանց հակառակը համոզելն իմաստ էլ չունի»,- ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահն այդ ասուլիսում պատասխանել էր ՌԴ ռազմական ինքնաթիռների` Եվրոպայի տարածքում բավականին վտանգավոր թռիչքների վերաբերյալ BBC-ի լրագրողի հարցին` մասնավորապես ասելով. «Ռուսաստանը գործնականում ունի արտերկրում տեղակայված ընդամենը երկու ռազմաբազա` Ղրղզստանում, իշխանությունների խնդրանքով, այն բանից հետո, երբ զինյալները երկիր ներխուժեցին Աֆղանստանից, և Տաջիկստանում, նորից Աֆղանստանի հետ սահմանի մոտ: Իսկ ամերիկյան ռազմաբազաները ամբողջ աշխարհով մեկ են»:

Տեսանյութեր

Լրահոս