Ամանորին ընդառաջ. ՏԿԱԻՆ ՊՀՏԱ տեսչությունը զգուշացնում է՝ հետևեք հակահրդեհային բոլոր կանոններին
Դեկտեմբերի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցավ ՀՀ ՏԿԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանի մամուլի ասուլիսը:
Ամանորին ընդառաջ տեսչության աշխատակիցներն հանրապետության տարածքում իրականացնում են լայնամասշտաբ իրազեկման, ուսուցողական եւ քարոզչական բնույթի հակահրդեհային միջոցառումներ։ Աշխատանքներն իրականացվում են հիմնականում այն օբյեկտներում, որտեղ նախատեսվում են ամանորյա տարատեսակ միջոցառումներ: Տեսչության աշխատակիցներն այս շրջանում խմբերով այցելում են տարբեր օբյեկտներ և կազմակերպում համապատասխան միջոցառումներ, տեղեկացնում՝ ինչպես կանխարգելել հնարավոր հրդեհները, իսկ եթե այնումենայնիվ հրդեհ է բռնկվել, ինչպես գործել հրդեհի դեպքում, ինչպես կազմակերպել շենքերից տարահանումը և այլն: Ս. Հայրապետյանի փոխանցմամբ` շնորհիվ այդ աշխատանքների, օբյեկտներում հրդեհները նվազել են եւ աղետալի հետեւանքներով հրդեհներ տեղի չեն ունեցել:
Բանախոսը մի քանի խորհուրդ տվեց` ամանորյա տոներին հրդեհներից խուսափելու համար.
«Տոնածառը, հրդեհային անվտանգության տեսանկյունից, ունի իր առանձնահատկությունները։ Տոնածառը պետք է տեղադրել առաջին հարկում, իսկ եթե բազմահարկ շենքի երկրորդ հարկում են տեղադրում, ապա այնտեղ անպայման պետք է լինի տարահանման երկու կետ»։
Այն տարածքներում, որտեղ նախատեսվում են մեծ տոնակատարություններ, անպայման պետք է լինեն նաև հրդեհաշիջման սկզբնական միջոցներ՝ կրակմարիչներ, ջուր, ավազ։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ս. Հայրապետյանը ներկայացրեց նաև հրդեհի առաջացման մի քանի պատճառ, որոնք, սովորաբար, հանդիպում են տոնական օրերին: Բենգալյան կրակները նույնպես կարող են հրդեհի առաջացման պատճառ լինել, իսկ եթե ծնողները երեխաների համար պատրաստել են ստվարաթղթից և թանզիֆից տոնական հագուստներ, ապա բենգալյան կրակներ օգտագործելիս հրդեհի հավանականությունը ավելի է մեծանում։
Ինչ վերաբերում է հրավառություններին` բանախոսը հորդորեց դրանք գնել միայն լիցենզիա ունեցող մասնագիտացված խանութներից։ «Պետք է անպայման գնել հայերեն մակնշում ունեցող հրավառություններ», – հավելեց Ս. Հայրապետյանը։
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն