«Մինչև խնդրի հետ չառնչվեցին նաև պատգամավորները՝ չհասկացան, որ դա հիմար դրույթ է». Էդուարդ Հովհաննիսյան

«Ես շատ դրական կարծիք ունեմ ԱԺ-ի ընդունած որոշման մասին: Այն վարորդներին, կոպիտ ասած, մոտ 2 միլիարդ դրամ կտա: Այս տոնական օրերին դա խնայողության մեծ հնարավորություն կլինի»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Ազգային Ժողովում կրկին քննարկվեց ԴԱՀԿ-ին վերաբերող նախագիծը, որն արդեն մեկ անգամ հասցրել էր մերժվել: Քննարկումների արդյունքում որոշվեց համաներում հայտարարել խախտում կատարած վարորդների նկատմամբ, և արդյունքում նրանք չեն վճարի մինչև 2012թ.-ը երթևեկության կանոնները խախտելու արդյունքում սահմանված տույժ-տուգանքները:

Է. Հովհաննիսյանի խոսքով՝ մինչև 2012թ.-ը սահմանված տույժ-տուգանքները կկազմեն այդ 2 միլիարդի մոտ 20 տոկոսը, իսկ մնացած մասը կկազմեն 2012թ.-ից մինչև այդ օրենքի ուժի մեջ մտնելը եղած տուգանքներն ու հավելյալ վճարները, այսինքն՝ եռապատկված, հնգապատկված գումարները. «Դա բավականին մեծ թիվ է, և ես հաշվարկներն արել եմ, որ տեսախցիկներով ու արագաչափերով դա կկազմի մոտավորապես 1 միլիարդ և մոտ 1 միլիարդ էլ կկազմեն Ճանապարհային ոստիկանություն-վարորդ հարաբերություններում եղած տուգանքներն ու եռապատիկ, հնգապատիկը»:

Է. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև օրենքում կատարված այն փոփոխություններին՝ ըստ որի կարգավորվել է վարորդներին ուղարկված տույժ-տուգանքների մասին ծանուցման հանձնման կարգը. «Նախկինում չծանուցվածը համարվում էր ծանուցված: Բայց երբ այդ խնդրի հետ առնչվեցին նաև պատգամավորները, վերջապես հասկացան, որ դա հիմար դրույթ է: Շատ կարևոր էր հստակեցումն այդ մասով: Արդյունքում որոշվեց, որ վարորդը ծանուցված կհամարվի միայն այն դեպքում, երբ  կհիմնավորվի, որ ծանուցումն անձամբ վարորդին է հանձնվել: Քաղաքացին անգամ կարող է գնալ Ճանապարհային ոստիկանություն, դիմում գրել, որ բոլոր տեղեկություններն իրեն փոխանցվեն հենց իր էլեկտրոնային հասցեի միջոցով»:

Տեսանյութեր

Լրահոս