Ովքեր ռուբլիներ ունեն, ճիշտ ժամանակն է դոլար դարձնելու. Հրանտ Բագրատյան
Ազգային Ժողովի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքում գրել է.
«Տեղեկատվությամբ հանդես եկավ ԿԲ Նախագահը։ Նրա ելույթում ասաց, որ ԿԲ համարում է, որ դրամի արժեզրկման պատճառներ չկան։ Այն թերարժեւորված է։ Ուշադիր զննել ենք ամեն բան եւ որեւէ արտառոց երեւույթ չենք նկատել։ Ստացվում է դրամի արտառոց անկումը ֆինանսական շուկայի միակ արտառոց իրադարձությունն է։ Վախենալուն այն է, որ բնական հարց է ծագում. լավ տարեկան քանի անգամ դրամը կարող է այսպես արտառոց անկում ապրել։
ԿԲ նախագահը մերթընդմերթ նշում էր նաեւ, որ դրամը ռուսական ռուբլու հետ կապ չունի։ Այդ քննարկումների ընթացքում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Ռուսաստանի Բանկի դոլարային ինտերվենցիաների շնորհիվ ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ 85-ից հասավ 60-ի։ Բարձրացավ նաեւ նավթի գինը։ Երեկոյան դրամը նույնպես սկսեց ցույց տալ կայունացման նշաններ։
Ստացվում է, որ տնտեսվարողների համար կարճաժամկետ հատվածում աշխատում է ռուսական ռուբլու սինդրոմը (երեկ կատարված վերլուծության երկրորդ գործոնը)։ Եթե վաղը Ռուսաստանի բանկը իր ինտերվենցիաները պահպանի, ապա այն կարող է կայունացնել նաեւ դրամի փոխարժեքը։ Ովքեր ռուբլիներ ունեն, ճիշտ ժամանակն է դոլար դարձնելու»,- գրել է նա։