Բոյկոտը հստակ քաղաքական վարքագծի դրսևորումից խուսափելու տարբերակ է. Հ. Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ԱԺ արտահերթ նիստի և ոչ իշխանական ուժերի կողմից ԱԺ նստաշրջանը բոյկոտելու մասին

-Ինչո՞վ եք բացատրում ընդդիմության կողմից երեկ նախաձեռնած և այսօր շարունակվող ԱԺ արտահերթ նիստի բոյկոտը:

– Հետաքրքիր է հարցադրումը, քանզի բնականոն զարգացումները բոլորովին այդ ուղղությամբ էին տանում, ուստի նման հարցը, բնականաբար, շատերի մոտ է առաջանում: Ընդդիմադիր մեր գործընկերներին սպառնում էր մի քանի օր «քրտնաջան աշխատանք»՝ կառավարության նախաձեռնած արտահերթ նստաշրջանի բավականին ծանրաբեռնված օրակարգով:

Եվ ոչ միայն ծանրաբեռնված, այլև՝ խիստ կարևոր օրակարգով, ինչպես նշեցին նաև որոշ ընդդիմադիր գործընկերներ: Օրակարգ, որի մի զգալի մասը կազմում են Հայաստանի  ԵՏՄ-ին անդամակցելու հետ կապված օրինագծերը, որոնց վերաբերյալ, իսկապես, խստապահանջ և մանրակրկիտ քննարկում էր անհրաժեշտ: Բոյկոտը հնարավորություն տվեց չմասնակցելու քննարկումներին, խուսափելու այդ աշխատանքից և հստակ քաղաքական վարքագիծ դրսևորելուց: Հստակ քաղաքական վարքագիծը ենթադրում էր քվեարկություն՝ հօգուտ քվեարկելու և մեծամասնության կողմից առաջարկված քաղաքականությունը ողջունելու դեպքում ընդդիմադիրի իրենց իմիջը կտուժի, դեմ քվեարկեն՝ «դրսերում» աջակցությունների հույս ունեն, դրանք ի դերև կլինեն:

Այս պարագայում բոյկոտը լավ տարբերակ է:  Բոյկոտը նաև հնարավորություն տվեց փոքր-ինչ աշխուժություն մտցնել քաղաքական կյանքում, մեր ընդդիմադիր գործընկերների կողմից քաղաքական կյանքը թեժացնելու չընդհատվող անհույս փորձերին ավելացավ ևս մեկը (կարծես, այդ անընդունելի միջադեպերը որոշ մարդկանց կողմից խիստ պահանջարկված էին): Իսկապես, այս «ախտորոշ» ժամանակներում քաղաքական կյանքի ընթացքը չափից ավելի հանդարտ է, ինչքան էլ որ վտանգների, վնասների, կորուստների և այլ նեգատիվ երևույթների և հետևանքների մասին ,,լալահառաչ,, ելույթներ են հնչեցվում, այնուամենայնիվ, լուրջ հակազդեցության, ժողովրդական հուզումներ և լարվածություն գեներացնել չի հաջողվում: Չնայած նրան, որ սոցիալ-տնտեսական կյանքում դժվարությունները բավական են, այնուամենայնիվ, ցանկալի շահարկման չեն հասնում՝ խաղաղ հանրահավաքներ ու երթեր, ,,սպասելի,, բռնություններ, միջադեպեր նորովի աշխատող ոստիկանության կողմից,  խանգարող որոշումներ իշխանությունների կողմից չեն ընդունվում: Պարզից էլ պարզ է, թե ում ձեռնտու չէ խաղաղ, հանդարտ քաղաքական կյանքը: Ում են ձեռնտու հիշյալ միջադեպերը, բոյկոտները և այլն: Շղթան փակվեց:

-Բայց , ամեն դեպքում այսօր մտահոգիչ է այն , ինչ կատարվում է մեր քաղաքական երկնակամարում, նկատի ունեմ այդ միջադեպերի շղթան. Իշխանությունն այստեղ իր մեղավորությունը չի՞ տեսնում:

-Այս միջադեպերն իսկապես անընդունելի են, ոչ միայն այն առումով, որ որևէ մեկը չի կարող ողջունել կամ ընդունելի համարել բռնություն որևէ մարդու նկատմամբ /թեև անցյալում եղել են բազմաթիվ նման օրինակներ/, անընդունելի են նաև այն իմաստով, որ խնդիրը առնչվում է քաղաքական գործիչների, ազատամարտիկների, անհատների, ովքեր մեծագույն ներդրում ունեն մեր երկրի ազատության, անկախության, քաղաքական համակարգի կայացման գործում, նաև մեր ընկերներն ու կոլեգաներն են, ու թանկ են մեզ համար, չնայած որ որևէ քաղաքացու նկատմամբ որևէ բռնությունն ընդհանրապես անընդունելի է և օրենքով պատժելի:

Ներկայիս իշխանությունների համար սա բացարձակ ճշմարտություն է, և ոչ միայն տեսական ճշմարտություն այլև վարքագիծ, քաղաքականություն, որը տարիներ շարունակ մենք վարել ենք, և այն որ մենք այսօր չունենք երբեմնի բռնությունների լարված իրավիճակը, ունենք խաղաղ երթեր, հանրահավաքներ, մամուլի ազատություն, խորհրդարանում ազատ բանավեճի մթնոլորտ, և այլն, այս բոլորը նաև այս իշխանության ձեռագիրն է, գաղափարական մոտեցումը, հետևաբար, այս միջադեպերը ոչ միայն ձեռնտու չեն , այլև բացարձակապես բնորոշ չեն իշխանությանը: Մենք ի սկզբանե բացարձակ դատապարտող դիրքորոշմամբ հանդես եկանք, այսօր ԱԺ Հանրապետական խմբակցությունը նաև համապատասխան հայտարարություն ընդունեց , որը կարծում եմ հասնելու է իր տրամաբանական ավարտին նաև պատկան մարմինների կողմից տրվող գնահատականներով: Բայց փաստը ցույց տվեց, որ ընդդիմադիրների նպատակը, ի վերջո, այդ չէր:

Տեսանյութեր

Լրահոս