Եռյակը վերածվել է քառյակի և փոխել պայքարի օրակարգը

Երեք շաբաթ առաջ տեղի ունեցավ խորհրդարանական եռյակի վերջին նիստը, որի ավարտից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք որոշել են եռյակի կողմից ԱԺ ներկայացնել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ: Դրանից հետո ոչ միայն եռյակի նիստ տեղի չի ունեցել, այլ նաև եռյակն իր կայացրած  որոշումը չի կատարել: Եռյակի  փոխարեն, արդեն երկու օր է՝ համատեղ նիստեր է գումարում խորհրդարանական քառյակը, որի կազմի մեջ  եռյակից` ՀԱԿ-ից, ԲՀԿ-ից, «Ժառանգությունից» բացի, մտնում է նաև ՕԵԿ-ը:

Հենց քառյակի համատեղ որոշման և քառյակի անդամ պատգամավորների ստորագրահավաքի արդյունքում երեկ հրավիրվեց արտահերթ նստաշրջան` վերջին օրերին տեղի ունեցած բռնարարքները դատապարտելու համար: Այսօր արդեն քառյակը համատեղ նիստ է հրավիրել և որոշել դեկտեմբերի 17-ին հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան՝ դրամի արժեզրկման և դրա հետևանքով՝ գների բարձրացման հարցը քննարկելու համար:

Ելնելով նրանից, որ եռյակը նիստեր չի գումարում, և հիմա սկսել է գործել քառյակը, մենք եռյակի ներկայացուցիչներին հարցրեցինք, թե արդյոք կարո՞ղ ենք փաստել, որ խորհրդարանական եռյակը դադարեցրել է իր գործունեությունը, և նրա փոխարեն՝ ստեղծվել է խորհրդարանական ուժերի համագործակցության նոր ֆորմատ` քառյակ:

168.am-ի այս հարցին պատասխանեց միայն «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը մնում է իրենց օրակարգում, և իրենք արձակուրդներից հետո անպայման կանդրադառնան դրան: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի հետ համագործակցությանը, Հակոբյանն ասում է, որ իրենք ուրախ կլինեն, եթե բոլոր խորհրդարանական ուժերը համարժեք գնահատեն քաղաքական իրավիճակը և ըստ այդ գնահատականի՝ համագործակցեն իրենց հետ: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ ավելացրեց, որ խոսքը նոր ֆորմատի ձևավորման մասին չէ, այլ համագործակցության, և իրենք ինչպես համագործակցել են, այնպես էլ շարունակելու են համագործակցել խորհրդարանական ուժերի հետ:

Իրականում ինչ էլ ասեն խմբակցությունների ներկայացուցիչները, պարզ է, որ եռյակն այլևս չի գործում, և գործում է քառյակը: Թվում է՝ եռյակ-քառյակի մեջ ոչ մի էական փոփոխություն չկա. ընդամենը ՕԵԿ-ը միացել է եռյակին: Մինչդեռ իրականում այստեղ փոփոխությունը չափազանց էական է: Խորհրդարանական եռյակը երկու համատեղ հանրահավաք է կազմակերպել, որոնց ընթացքում առաջադրել է արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների,  իշխանափոխության պահանջ:

Մինչդեռ  ՕԵԿ-ը հստակ հայտարարում է, որ ինքը չի դնում ո՛չ իշխանափոխության, և ո՛չ էլ արտահերթ ընտրությունների պահանջ: Վերցնելով ՕԵԿ-ին՝ որպես գործընկեր, եռյակն ըստ էության հրաժարվում է իշխանափոխության պահանջից և պայքարը տեղափոխում է բռնությունները դատապարտելու, դրամի արժեզրկման դեմ պայքարի հարթություն: Պատահական չէ, որ եռյակի ներկայացուցիչներն այդպես էլ հստակ պատասխան չտվեցին այն հարցին, թե արդյո՞ք վերջին օրերի բռնարարքները կարող են արագացնել իշխանափոխության գործընթացը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս