Անպայման պետք է ունենամ ամուսին և մի քանի բալիկ, իմ երեխան մենակ չպետք է մեծանա այս աշխարհում. Անժելա Սարգսյան
Դժվարություններիդ մասին կարողանում ես խոսել միայն այն ժամանակ, երբ հաղթահարում ես դրանք: Life.panorama.am-ի այսօրվա հյուրը Անժելա Սարգսյանն է, ում համար արդեն անցյալում են կյանքի անգույն էջերը: Գրեթե երկու տարի անց դերասանուհին անկեղծացավ այն ամենի շուրջ, ինչ մինչ այս ցավ էր պատճառում ու մեկուսացնում իրեն: Հաղթահարելու համար ուժ է տվել կյանքի ամենալուսավոր էջը՝ դստրիկը, ում համար յուրաքանչյուր ծնող պատրաստ է զոհաբերության:
-Կարծեք թե ստեղծագործական դադարից վերադարձել եք, այո՞:
-Ճիշտն ասած՝ երբեք ստեղծագործական դադարում չեմ եղել, միշտ աշխատել եմ թատրոնում: Իսկ եթե խոսքը վերաբերում է սերիալներին և ֆիլմերին, ասեմ, որ միշտ էլ առաջարկներ ունեցել եմ, սակայն մերժել եմ, քանի որ ինձ համապատասխան դերեր չեն եղել:
-Այս ընթացքում, բացի թատրոնից, ինչո՞վ եք զբաղվել:
-Նախ, դարձել եմ դայվինգ սպորտաձևի վարպետ: Սկզբում սիրողական մակարդակով էի հաճախում, հետագայում զգացի, որ այն, ինչ անում եմ, ինձ դուր է գալիս և ուզում եմ պրոֆեսիոնալ դառնալ: Ասեմ, որ ես շատ խիտ ժամանակացույց ունեմ: Բալիկս սովորում է նվագել երկու երաժշտական գործիքների վրա, նաև գնում է երաժշտական դպրոց՝ վոկալի պարապմունքների, պարի է հաճախում: Լողի է գնում ու տանը թմբուկ նվագել է սովորում:
-Անժելա, ասացիք, որ ֆիլմերից, սերիալներից առաջարկներ եք ունեցել, որոնք մերժել եք: Ինչո՞ւ: Ի՞նչ կերպարներում եք հրաժարվում նկարահանվել:
-Կան դերեր, որոնք ուղղակի իմը չեն, պատահել է, որ սցենարը դուրս չի եկել: Ունեցել եմ սարսափ ֆիլմի առաջարկ, իսկ այդպիսի ֆիլմերում երբեք չեմ ցանկանա նկարահանվել: Երբեմն, հասկացել եմ, որ ես, որպես դերասանուհի, այնտեղ անելիք չունեմ, հաճույք չէի ստանա, ուղղակի ցանկացել են ռեյտինգս օգտագործել:
-Բայց, որպես վարկանիշային դերասանուհի, բարձր կվարձատրեին: Դժվար չէ՞ր դիմանալ գայթակղությանը:
-Ստեղծագործող մարդու կյանքում դրամը շատ քիչ տեղ է զբաղեցնում: Պետք է քո կատարած աշխատանքը քեզ բերկրանք պարգևի:
-Այնուամենայնիվ, մեկ ֆիլմում նկարահանվեցիք:
-Այո, կոչվում է «Ֆիլմ դրախտում»: Սա ֆիլմ է ֆիլմի մասին: Առանցքում ընկած են մարդկային հետաքրքիր փոխհարաբերություններ, ծիծաղ առաջացնող տեսարաններ: Կկպնի մարդկանց սրտին: Գլխավոր դերերում են Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Սերգեյ Դանիելյանը և ես: Կերպարն ինձ հետաքրքրեց այնքանով, որ բոլորովին կապ չուներ ինձ հետ, տարբեր էր: Սա ինձ համար էքսպերիմենտ էր նրանով, որ մինչ այս միշտ ներկայացրել եմ հոգեկան հարուստ ներաշխարհով, զարգացած ու հետաքրքիր կանանց: Սցենարը կարդալիս՝ շատ եմ ծիծաղել հատկապես իմ կերպարի վրա: Հատկանշական է նաև այն փաստը, որ ֆիլմը նկարահանվում էր արևոտ, տաք երկրում, ունեի հրաշալի ու հետաքրքիր կոլեգաներ…
-Իսկ ե՞րբ այն էկրաններին կտեսնենք:
-Ճիշտ է, այն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել, բայց նկարահանման մի քանի օրեր ունենք դեռևս Երևանում: Կարծում եմ, գարնանը կհանձնվի հանդիսատեսի դատին:
-Ներկա պահին սերիալից առաջարկ չունե՞ք:
-Այո, ունեմ առաջարկ: Չեմ կարող գաղտնիքը բացել և ասել, թե որ հեռուստաընկերությամբ կլինի: Կերպարն ինձ շատ է հետաքրքրել, այդ պատճառով համաձայնեցի. ներկայացնելու եմ բազմաշերտ, հետաքրքիր կնոջ: Այդ կնոջ մոտ կան ապրումներ, որ ինձ բավականին ծանոթ են: Նաև նորից հետաքրքիր ու լավ գործընկերների հետ եմ խաղալու: Այնպիսի թիմ է հավաքված, որ նախ հեռուստադիտողն է ճանաչում և սիրում, նաև՝ ինձ համար են հետաքրքիր՝ որպես կոլեգա: Շատ եմ կարևորում խաղընկերներին, այլապես, երբեմն, միայնակ «պինգ-պոնգ» ես խաղում ու խաղդ դրանից կարող է տուժել:
-Խաղընկերների անունները կնշե՞ք:
-Այժմ չեմ կարող, քանի որ վերջնական կազմը հաստատված չէ:
-Անժելա, գումարը որքանո՞վ է կարևոր դերասանի համար:
-Գումարը, բնականաբար, կարևոր է, բայց ստեղծագործող մարդու համար այն չի կարող առաջին տեղում լինել: Իհարկե, անհրաժեշտություն է: Բոլորս էլ ունենք կենցաղ, կարիքներ, առավել ևս ես, որ միայնակ կին եմ, երեխա եմ մեծացնում և ձագուկիս հոգ տանելու անհրաժեշտություն ունեմ: Նայում եմ գումարի չափսին, բայց այդ լավ գումարը նախապայման չէ, որ համաձայնեմ նկարահանվել կամ խաղալ ներկայացման մեջ: Եթե դա ինձ ոչինչ չի տալու, հոգուս ու սրտիս համահունչ չէ, ապա կարող եմ անտեսել ֆինանսը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: