«Ե՛վ բոյկոտի, և՛ արտահերթ նիստի գումարման գաղափարը գործով զբաղվելու փոխարեն՝ խոսելով զբաղվելու տպավորություն է թողնում». Հ. Նաղդալյան

Այսօր, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը բոյկոտեցին խորհրդարանի աշխատանքները՝ ԱԺ նախագահից պահանջելով ընդհատել նիստը և արտահերթ կարգով  քննարկել Արամ Մանուկյանի և ազատամարտիկներին ծեծի ենթարկելու դեպքերը: Խորհրդարանի ոչ իշխանական ուժերն արդեն նախաձեռնել են ստորագրահավաք` այսօր 18.30-ին միջադեպերի առնչությամբ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Այս իրադարձությունների վերաբերյալ իրև տեսակետն է արտահայտում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

– Տիկին Նաղդալյան, ի՞նչ եք կարծում, կա՞ արդյոք արտահերթ նիստ հրավիրելու հրատապություն, ինչպես պնդում են ոչ իշխանականները, որպեսզի քննարկվի այդ միջադեպերը և ի՞նչ կտա այդ նախաձեռնությունը գործի ընթացքին, վերջին հաշվով:

– Այս քաղաքական պահին, այսպիսի օրակարգի պայմաններում, նկատի ունեմ, մասնավորապես, ԵՏՄ անդամակցության հետ կապված մաքսային կարգավորման շուրջ օրինագծի փաթեթի քննարկումը և այլ բազմաթիվ կարևոր օրինագծեր, արդեն իսկ բավական էր, որպեսզի մակսիմալ ուշադիր և լրաջագույն աշխատանք կատարվեր և այս պահին այդ աշխատանքը բոյկոտելը, կարծում եմ, պարզապես ոչ լուրջ մոտեցում է: Ինչ վերաբերում է արտահերթ նիստի հրավիրմանը, ապա դրա անհրաժեշտությունն այս պահին բացարձակապես չկա, որովհետև արդեն բարձրաձայնվել և հնչել է մտահոգությունը և դատապարտումը՝ ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ԱԺ նախագահի կողմից, ում ուշադրության կենտրոնում են այս միջադեպերը և արտահերթ նիստի կարգով քննարկման որևէ անհրաժեշտություն ներկա դրությամբ չկա: Պատկան մարմիններն իրենց աշխատանքները կատարում են, և վստահ եմ, որ այդ աշխատանքներն արդյունավետ են լինելու:

Արտահերթ նիստի անհրաժեշտություն կարող էր լինել, եթե քաղաքական ուժերը, կամ մեծամասնությունը և ընդդիմությունը երևույթի նկատմամբ ունենային քաղաքական խիստ տարբեր մոտեցումներ, եթե մենք ունենայինք գործադիրի կողմից իր պարտականությունները չկատարելու, կոծկելու կամ այլ մոտեցումներ, բայց երբ այդ բոլորը չկա, ապա արտահերթ նիստի անհրաժեշտությունը ինչո՞ւմն է՝ պարզապես թեման հնչեցնելո՞ւ, ուռճացնելո՞ւ, դրա շուրջ երկարաշունչ խոսելո՞ւ, պատգամավորները ոչ ոստիկան են, ոչ դատախազ, հարցը իրավական դաշտում է, հստակ աշխատանքները կատարվում են: Մինչդեռ, օրակարգում  շատ կարևոր օրինագծեր կան և ավելի լավ կլիներ այդ ուղղությամբ ուշադրություն լիներ՝ ելնելով երկրի տնտեսության համար դրանց կարևորությունից:

Անկեղծ ասած, և՛ բոյկոտը, և՛ արտահերթ նիստի գումարման գաղափարը ավելի շատ գործով զբաղվելու փոխարեն՝ խոսելով զբաղվելու տպավորություն է թողնում:

ԱԺ

Տեսանյութեր

Լրահոս