«Հայաստանում երեխաների նկատմամբ իրականացված բռնությունների թիվը մտահոգիչ է». Դավիթ Թումասյան

«Երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունները լուրջ խնդիր են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ըստ տարբեր կազմակերպությունների հետազոտությունների` ամբողջ աշխարհում կա մոտ 2 միլիարդ երեխա, որոնցից մոտ կեսը ենթարկվում է բռնության»,- այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյանը:

Նրա խոսքով` երեխաների դեմ բռնությունն իրականացվում է ոչ միայն ընտանիքի ներսում, այլև ընտանիքից դուրս` բակում, դպրոցներում և այլ հաստատություններում, որտեղ երեխաները հաճախ գտնվում են: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները. «Վիճակագրությունը հետևյալն է. ՀՀ-ում 10 տարիների կտրվածքով մոտ 60 քրեական գործ է եղել` երեխայի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու, երեխաների նկատմամբ սեռական հանցագործություններ իրականացնելու մոտ 140 դեպք է եղել, որից պետք է առանձնացնել 7 քր. գործ, որի դեպքում անչափահասն անչափահասի նկատմամբ է իրականացրել:

Եթե խոսում ենք քրեական գործերի մասին, ապա համեմատելով կարող ենք ասել, որ բռնաբարության դեպքերը 2013թ. համեմատ ավելացել են 2 քրեական գործով, բայց անառակաբարո գործողությունների թիվը, օրինակ, նվազել է 5 դեպքով: Ավելացել է նաև երեխաների նկատմամբ իրականացվող սեքսուալ բնույթի բռնի գործողությունների թիվը 2 դեպքով, այսինքն` շատ հարաբերական է, և հստակ ասել հնարավոր չէ` աճի միտում կա՞, թե՞ ոչ»:

Դ. Թումասյանի խոսքով` նմանատիպ դեպքերի մեծ մասը հենց Երևանում է գրանցվում, սակայն դա չի նշանակում, որ մարզերում չկա նման երևույթ, պարզապես այնտեղ ամեն ինչ շատ ավելի քողարկված է:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս