Բաժիններ՝

Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի նոյեմբերին. Ռազմինֆո

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման արդյունքում 2014-ի նոյեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է զինծառայողների մահվան 5 և վիրավորման 1 դեպք։

Կարևոր է նշել, որ վերոնշյալ դեպքերից միայն մեկն է, որ տեղ է գտել Ադրբեջանի պետական կառույցների պաշտոնական հաղորդագրություններում։ Մնացած արտակարգ պատահարների մասին հայտնի է դարձել հիմնականում Ադրբեջանի ընդդիմադիր մամուլի հրապարակումներից։

Կարող ենք արձանագրել նաև, որ 2014-ի օգոստոսից ի վեր, երբ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում արձանագրված լարվածության հետևանքով Ադրբեջանը կրեց մեծաթիվ կորուստներ, որոնց մասին տեղեկությունները հաճախ ոչ պաշտոնական լրահոսի միջոցով տեղ էին գտնում տարբեր լրատվակայքերում և սոցցանցերում, նկատվեց բանակում գրանցված արտակարգ միջադեպերի մասին պաշտոնական հաղորդագրությունների կտրուկ նվազում։

Պետք է նկատել նաև, որ ադրբեջանական «Դոկտրինա» ռազմական լրագրողական հետաքննությունների կենտրոնը, որը ակտիվորեն հետևում ու լուսաբանում էր բանակում և ուժային կառույցներում տեղ գտած միջադեպերը, սեպտեմբերից ի վեր դադարեցրել է այդ թեմայով իր հրապարակումները, ինչը, հավանաբար, կրկին պայմանավորված է տեղեկատվական դաշտի թափանցիկության սահմանափակմամբ։

Այդուհանդերձ, ինչպես նշվեց, ընդդիմադիր մամուլի միջոցով հայտնի են դարձել մահվան մի շարք միջադեպեր, որոնք ՊՆ մամուլի ծառայությունը փորձել է թաքցնել։

Կորուստներ

Նոյեմբերին գրանցված մահվան 5 դեպքերից 2-ը մարտական են, գրանցվել են ՊԲ հատուկ նշանակության ուժերի իրականացրած՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի տարհանման գործողության ընթացքում։ Մյուս 3-ը արտակարգ պատահարների հետևանք են։

Մարտական կորուստներ

• Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն, որում նշեց, որ նույն օրը «հայկական կողմից արձակած գնդակից» մարտական դիրքում սպանվել է 1995-ին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Ազիզով Ռուսթամ Իզզեթ օղլուն։

Երկու օր անց՝ նոյեմբերի 22-ին, հայտնի դարձավ, որ հայկական օդուժի՝ միջդիրքային գոտում ընկած ուղղաթիռի անձնակազմի դուրսբերման հատուկ գործողության ընթացքում ՊԲ մարտիկները ոչնչացրել են հակառակորդի 2 զինծառայող։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց, թե այդ օրն առաջնագծում ունեցել է որևէ կորուստ, ինչին ի պատասխան ՊԲ մամուլի ծառայությունը տարածեց հաղորդագրություն՝ նշելով, որ «խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի տարհանման հատուկ նշանակության գործողությունն իրականացվել է ոչ թե երեկ, այլ այն օրը, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել առաջնագծում կրած իր կորուստների վերաբերյալ»։

Ելնելով վերոնշյալից, կարելի է ենթադրել, որ նոյեմբերի 20-ին սպանված շարքային Ազիզովը հատուկ գործողության ընթացքում ոչնչացված հենց այն 2 զինծառայողներից մեկն է, ում մասին հայտնել էր ՊԲ-ն։

Ոչ մարտական կորուստներ

• Նոյեմբերի 6-ին հայտնի դարձավ Ադրբեջանի ներքին զորքերի՝ Ղուբայում տեղակայված զորամասերից մեկում գրանցված մահվան ելքով միջադեպի մասին։ Շարքային Մեմմեդով Մահիր Քերեմ օղլուն ավտոմատով կրակել է իր ծառայակցի՝ Աղստաֆայի շրջանից զորակոչված զինծառայող, շարքային Մուսաև Ադիլ Ռուսթամ օղլուի վրա, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Ինքը՝ Մեմմեդովը, դեպքից հետո փախել է զորամասից։ Հայտնի չէ արդյո՞ք իրավապահներին հաջողվեց հայտարարված հետախուզման արդյունքում գտնել նրան, թե ոչ։

• Ադրբեջանական «Լրագրողական հետաքննությունների կենտրոնի» կայքն իր դեկտեմբերյան հրապարակումներից մեկում անդրադարձավ պայմանագրային զինծառայող Շիրալիև Խալիդ Էլեսգեր օղլուի մահվան դեպքին, որն ամենայն հավանականությամբ եղել է սպանություն։ Զինծառայողը փախել է զորամասից՝ չդիմանալով այնտեղ տիրող մթնոլորտին։ 2014-ի հոկտեմբերի 31-ին նրան տնից բերման են ենթարկել ռազմական ոստիկանության Բաքու քաղաքի բաժանմունքներից մեկի աշխատակիցները։ Մի քանի օր անց, սակայն, Շիրալիևի դին դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է Բաքվի հիվանդանոցներից մեկի դիահերձարանում։

• Ադրբեջանի ՊՆ՝ Գեդաբեկի շրջանում (սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին) տեղակայված զորամասերից մեկում, ենթադրաբար նոյեմբերի 24-30 ժամանակահատվածում, ամրակցված ծառայողական զենքով ինքնասպան է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Դադաշով Նուրլան Ալի օղլուն։ Ադրբեջանի ՊՆ-ն միջադեպի մասին չի հայտնել, իսկ տեղեկությունը հրապարակած ընդդիմադիր Meydan.tv հեռուստաալիքի լրատվակայքը փորձել է դեպքի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ ՊՆ մամուլի ծառայության պետից, ով սակայն նշել է, որ «ինքը Բաքվում չէ, իսկ լրատվամիջոցներին անհրաժեշտ ողջ տեղեկությունը հրապարակվում է ՊՆ կայքում»։

Վիրավորներ

Ադրբեջանի ներքին զորքերի՝ Գյանջայում (Գանձակ) տեղակայված զորամասում ենթասպաներից մեկը նոյեմբերի 5-ին մարմնական վնասվածք է հասցրել նույն զորամասի զինծառայողին, ինչից հետո դիմել է փախուստի։

Ի մի բերելով 2014-ի հունվար-նոյեմբեր ամիսների մշտադիտարկման արդյունքները, նշենք, որ հայտնի է դարձել ադրբեջանական բանակում և ուժային այլ կառույցներում 86 զինծառայողի մահվան և 109-ի վիրավորման մասին։ Նշենք նաև, որ այդ 86 զինծառայողից 35-ը մարտական կորուստ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս