Սպանություն՝ Արգել գյուղում

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արգել գյուղում քաղաքացի Ժուլվերտ Սայադյանի սպանության դեպքի առթիվ, միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձին քննությանը ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննության տվյալներով՝ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել գյուղում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փեսան, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածել է աներոջ՝ Ժ.Սայադյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի միջին անրակային գծով 3-4-րդ միջկողին՝ սպանելով նրան:

Քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաեւ Սայադյանի որդին՝ Վ.Նազարյանը, երբ կանխելու նպատակով միջամտել է հոր եւ փեսայի միջեւ վիճաբանությանը։ Վ.Նազարյանը վնասվածք է ստացել ձախ նախաբազկի շրջանում:

Ժ.Սայադյանն ու Վ.Նազարյանը ճանաչվել են տուժողներ։ Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ փեսային հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս