Լևոն Երանոսյան. Կարող ա խմած են եղել, ոտերները սոթ է տվել, մի տեղ ընկե՞լ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը տապալելու գործին լծված ազատամարտիկների` Ռազմիկ Պետրոսյանի եւ Մանվել Եղիազարյանի նկատմամբ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած բռնության մասին հակասական տեղեկություններ տարածվեցին: Նախ պարզվեց, որ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լյովա Երանոսյանի թիկնապահներն են եղել բռնություն կիրառողները: Իրենք՝ ազատամարտիկները, երեկ ողջ օրն ընդհատակ էին անցել եւ չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին ու ոչ էլ հայտարարությունների տեսքով պարզաբանում իրականությունը, սակայն Երանոսյանն էլ իր հերթին երեկ մեզ հետ զրույցում «սուխոյ ատկազ» կանգնեց որեւէ միջադեպի եւ առավել եւս իր մարդկանց առնչության մասին:

 – Պարոն Երանոսյան, գուցե մանրամասնեք՝ ինչո՞ւ էիք հրավիրել Ռազմիկ Պետրոսյանին եւ Մանվել Եղիազարյանին, ի՞նչ եք քննարկել, եւ ինչո՞ւ մարտական ընկերների հետ հանդիպումն ավարտվեց ծեծկռտուքով, որի մասին մյուս կողմը լռում է, մինչեռ Դուք տվել եք Ձեր մեկնաբանությունը:

– Եկեք չզրուցենք էդ հարցով, եկեք մոռանանք, էլի: Իմ խնդրանքը ձեզ՝ մոռացեք էդ թեման:

– Լավ, ինչո՞ւ նման միջադեպ տեղի ունեցավ, ինչո՞ւ են Ձեր թիկնապահները կամ ուղեկցող մարդիկ հաշիվ պահանջել Ձեր մարտական ընկերներից:

– Ես էլի եմ ասում՝ միջադեպ չի եղել, ազիզ ջան, սուտ են ասում, հարցրեք Ռազմիկին, հարցրեք, ասեք՝ միջադե՞պ է եղել ձեր մեջ, սուտ են ասում, էդ ասուխոսներ ա:

– Իսկ Դուք ինչի՞ առիթով եք ասել, որ եթե Ձեր ներկայությամբ նախագահին բան ասեն, ականջները կկտրեք: Այդ միջադեպի՞ն չի վերաբերել Ձեր մեկնաբանությունը:

– Ոչ, ազիզ ջան, ոչ, ոչ, ոչ: Ուրեմն ես նորից կկրկնեմ խոսքս, ես, լինելով ազգի գեներալ, որեւիցե մեկը եթե փորձի գերագույն հրամանատարի մասին արտահայտություն անի, ուրեմն ես եթե ուսադիրներ եմ կրում, ուրեմն պատասխան կտամ վերջին խոսքերով, եղա՞վ, ազիզ ջան:

– Այսինքն՝ այդ օրվա ձեր հանդիպումը նորմա՞լ է անցել, դուք ընկերական զրուցել եք ու ջերմ բաժանվել, ուրիշնե՞րն են նրանց մոտեցել:

– Սուտ են ասում, ըտենց բան չի եղել, կարող ա խմած են եղել, ոտերները սոթ է տվել, մի տեղ ընկե՞լ են: Զրպարտում են:

– Իսկ դուք միասի՞ն եք դուրս եկել այդտեղից:

– Չեմ պատկերացնում ինչի մասին ես դու խոսում:

– Հիմա դուք այդ օրը միասին հաց չե՞ք կիսել:

– Ես նորից եմ կրկնում՝ բոլորի հետ էլ նստում-կանգնում ենք, այսօր մեկս մեկիս հանդեպ հարգալից ենք, չգիտեմ ինչ ասուխոսներ տարածվեց ժողովրդի մեջ, ու սկսեցիք գրելը: Թող էդ ամեն ինչի մասին պարզաբանի իմ ընկեր Ռազմիկը, ես Մանվել կոչեցյալին մոտիկից էնքան էլ չեմ ճանաչում, թող Ռազմիկը՝ իմ զինակից ընկերը, եթե պահ կա, թող ասի: Սուտ են ասում, ըտենց բան չի եղել:

– Մանվել Եղիազարյանն է դեպքի մասին իր մեկնաբանությունները տվել…

– …Բոժե մոյ, ես չեմ էլ լսել, ինձ չի հետաքրքրում Մանվելն ինչ է ասել, ինչ չի ասել, բայց ես չեմ պատկերացնում, որ Մանվելը կարա իրան թույլ տա, որ իմ հասցեին որեւիցե մի վատ բան խոսի: Ես չգիտեմ էս ամեն ինչը որտեղից առաջացավ, սրանք զրպարտանքներ են:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս