
Հունվար ամսից կենսաթոշակները կբարձրանան (տեսանյութ)

2015 թ. պետբյուջեում նախատեսված է կենսաթոշակների չափերի բարձրացում հունվարից՝ մոտ 14%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե այս գնաճի պայմաններում արդյոք վերանայվելո՞ւ են թոշակները:
Նա նշեց, որ հաջորդ տարի հուլիսից կավելանան զինծառայության կենսաթոշակների չափերը, իսկ 2014-ի կեսերին ավելացել են զոհվածների ընտանիքների, զինծառայության կենսաթոշակները, հաշմանդամ ազատամարտիկների պարգևավճարները, նաև անապահով ընտանիքների վճարները:
«Այս քաղաքականությունը շարունակական է լինելու: Այս փոփոխությունների հետ կապված, որ մտահոգում են մեզ բոլորիս, գիտեք, որ վարչապետի հանձնարությամբ պատկան մարմինները ուսումնասիրում են: Կարծում եմ, բոլոր հնարավոր գործիքները նաև ԿԲ կողմից կիրառվում են, որ խնդիրը կարգավորվի: Նաև գնաճի համար պատասխանատու մարմնի ղեկավարը նշել է, որ գնաճը լինելու է նախատեսվածի շրջանակներում»,- ասաց Ասատրյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ թեև հունվարի առաջին աշխատանքային օրը 12-ն է, սակայն այժմ լրացուցիչ աշխատանքներ են տարվում, որ հունվարի 3-5-ին կենսաթոշակները վճարվեն:
Մանրամասները՝ տեսանյութում